Սենատի Յատկացումների յանձնաժողովը կողմ է Ղարաբաղին հումանիտար աջակցութեանը


Սենատի Յատկացումների յանձնաժողովը կողմ է Ղարաբաղին հումանիտար աջակցութեանը

  • 28-09-2011 14:35:10   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Ամերիկայի հայկական համագումարը երախտապարտ է սենատոր Մարկ Քիրքին Վաշինգտօն - Անցած շաբաթ սենատի Յատկացումների յանձնաժողովը հաստատեց 2012 Ֆինանսական տարուայ Պետական եւ օտարերկրեայ յատկացումների օրինագծի իր տարբերակը, ըստ որի սահմանւում էն արտասահմանում Ամն-ի կողմից ֆինանսաւորման ծաւալները, ներառեալ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը: Այս մասին յայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Ընդհանուր առմամբ օրինագիծը տրամադրում է 626.7 միլիոն ԱՄՆ դոլարի օգնութիւն Եւրոպայի, Եւրասիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին (AEECA), որը 69 միլիոն ԱՄՆ դոլարով պակաս է 2011 ֆինանսական տարուայ համեմատ: Չնայած օրինագիծը չի սահմանում որեւէ «կոնգրէսական» ծախսեր կամ ֆինանսաւորման «այլ տարբերակներ», սակայն զեկոյցի մէջ ասւում է, որ Հայաստանին գումար կը յատկացուի «ըստ բիւջէի պահանջի»: Վարչակազմը պահանջել է 40 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնութեան տրամադրում Հայաստանին 2012 ֆինանսական տարուայ համար: Սենատի յանձնաժողովի քուէարկութիւնն արտացոլում է նաեւ Ներկայացուցիչների պալատի Պետական օտարերկրեայ յատկացումների ենթայանձնաժողովի կոչը 40 միլիոն ԱՄՆ դոլարի օգնութիւն տրամադրել Հայաստանին: Սենատի օրինագիծը նշում է նաեւ. «Հարաւային Կովկասի տարածաշրջանին յատկացուող գումարները կարող էն օգտագործուել հաշտեցմանը եւ հակամարտութիւնների խաղաղ լուծմանն ուղղուած այլ գործընթացների համար, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնըէ: Զեկոյցի մէջ ասւում է. «Յանձնաժողովը կողմ է, որ հումանիտար օգնութիւն տրամադրուի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան տուժուածներին»: «Մենք ցանկանում ենք նաեւ մեր երախտագիտութիւնն արտայայտել Սենատի Պետական, օտարերկրեայ յատկացումների ենթայանձնաժողովի նախագահ սենատոր Պատրիկ Լիհիին եւ մեծամասնութեան ներկայացուցիչ Լինդսեյ Գրեհեմին, ինչպէս նաեւ Հայաստանի վաղեմի բարեկամ, հանրապետական կուսակցութեան առաջնորդ Միչ Մկքոնելիին»,- նշեց գործադիր տնօրէն Բրայեան Արդունին: «Մենք երախտապարտ ենք նաեւ սենատոր Մարկ Քիրքին իր զգալի աջակցութեան եւ նշանակալի գործունէութեան համար»,- նշեց գործադիր տնօրէն Բրայեան Արդունին: «Եւ Հայաստանը, եւ Լեռնային Ղարաբաղը այս օրերին նշում էն իրենց անկախութեան 20 ամեակը, ուստի յանձնաժողովի այս քայլը վերստին ընդգծում է Ամերիկայի նուիրուածութիւնը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարութեան ամրապնդման գործնթացին»: Յաջորդ քայլը Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից վերոնշեալ օրինագծերի լիարժէք իրագործումն է: Սակայն, քանի որ նոր ֆինանսական տարին սկսւում է հոկտեմբերի 1-ին, Կոնգրէսը պէտք է անցկացնի կարճաժամկէտ մի բանաձեւ եւ ապա յետոյ անդրադառնայ 2012 Ֆինանսական տարուայ յատկացումների օրինագծերին: 1972 թուին հիմնուած` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտօնում տեղակայուած խոշորագոյն համազգային հասարակական կազմակերպութիւն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատուած անդամակցական կազմակերպութիւն է:
  -   Մամլո հաղորդագրություն