Հայաստանում էլեկտրօնային ստորագրութիւն ձեռք բերողների թիւը մէկ տարում կրկնակի աճել է


Հայաստանում էլեկտրօնային ստորագրութիւն ձեռք բերողների թիւը մէկ տարում կրկնակի աճել է

  • 28-09-2011 17:56:46   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ներկայումս Հայաստանում էլեկտրօնային ստորագրութիւնից օգտւում է աւելի քան 6 հազար մարդ: Այս ցուցանիշը օգոստոսի համեմատ աւելացել է մօտ 200-ով, իսկ նախորդ տարուայ սեպտեմբերի համեմատ աւելի քան կրկնապատկուել է: Այս մասին Նոյեան Տապանի թղթակցին տեղեկացրեց «էլեկտրօնային ենթակառուցուածքների ներդրման գրասենեակի (ԷԿԵՆԳ ԲԲԸ) տնօրէնի օգնական Լիլիթ Ղազարեանը: Նրա խօսքերով, Հայաստանում էլեկտրօնային ստորագրութիւն օգտագործողների թիւն ամսական աճում է 150-200-ով: Դա պայմանաւորուած է էլեկտրօնային տարբեր համակարգերի ներդրմամբ, ինչպիսիք էն` Էլեկտրօնային հարկային հաշուետուութիւնների, լիցենզաւորման եւ վիզաների համակարգերը: Յիշեցնենք, որ աւելի վաղ ԷԿԵՆԳ ԲԲԸ տնօրէն Արթուր Ղուլեանը հաւաստիացրել էր, որ 2012 թ-ից էլ- ստորագրութիւն օգտագործողների թիւն աւելի արագ կաճի` կապուած հարկային օրէնքներով փոքր եւ միջին ձեռնարկութիւնների էլեկտրօնային եղանակով հաշուետուութիւն ներկայացնելու պարտաւորութեան հետ: Նշենք, որ Հայաստանում Էկենգ-ը հանդիսանում է միակ լիազօրուած ընկերութիւնը Հայաստանում, որը տրամադրում է էլեկտրօնային ստորագրութիւններ իրաւաբանական եւ ֆիզիկական անձանց: էլ-ստորագրութիւն ձեռք բերելու արժէքն է 15 հազար դրամ: Այն տրւում է մէկ տարի ժամանակով (ժամկէտը մէկ տարով երկարացնելու համար անհրաժեշտ է լինելու վճարել 5 հազար դրամ): Ձեռք բերելով էլեկտրօնային ստորագրութիւն` ֆիզիկական անձը կարող է այն կիրառել մի քանի ընկերութիւններում` կնքելով համապատասխան պայմանագրեր հարկային ծառայութեան հետ: Էլեկտրօնային ստորագրութիւնը էլեկտրօնային թուային ձեւով ներկայացուած պայմանանշանների եզակի յաջորդականութիւն է, որը կցուած է էլեկտրօնային փաստաթղթի հետ եւ օգտագործւում է ստորագրող անձին նոյնականացնելու, ինչպէս նաեւ էլեկտրօնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղաւաղումներից պաշտպանելու նպատակով:
  -   Տնտեսութիւն