Հայ ազգային կոնգրէսն ազդարարեց մէկշաբաթեայ շուրջօրեայ հանրահաւաքների մեկնարկի մասին


Հայ ազգային կոնգրէսն ազդարարեց մէկշաբաթեայ շուրջօրեայ հանրահաւաքների մեկնարկի մասին

  • 30-09-2011 22:10:12   | Հայաստան  |  Քաղաքական

Սեպտեմբերի 30-ի հերթական հանրահաւաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրէսի առաջնորդ Լեւոն Տէր-Պետրոսեանը յայտարարեց, որ սկսւում էն մէկշաբաթեայ շուրջօրեայ հանրահաւաքներ: ՀԱԿ-ը պնդում է նախորդ հանրահաւաքի ընթացքում իշխանութիւնների առջեւ դրուած պահանջները: Դրանք էն` մինչեւ տարուայ վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ, ընտրութիւններից առաջ ՀՀ ընտրական օրէնսգրքում կատարել էական փոփոխութիւններ, առաջիկայ երեք ամիսների ընթացքում բացայայտել 2008թ. մարտի 1-ի տասը սպանութիւնները եւ քրէական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ, «ազատ արձակել քաղբանտարկեալ Տիգրան Առաքէլեանին եւ կարճել Կոնգրէսի եօթ երիտասարդ ակտիւիստների նկատմամբ յարուցուած քրէական գործերը, վերացնել Երեւանում փողոցային առեւտրի վրայ դրուած անօրինական արգելքը» եւ չեղեալ յայտարարել կրպակների ապամոնտաժման վերաբերեալ ընդունուած որոշումը, դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրայարկ շէնքերի կառուցումը, օրէնքով արգելել բարձրաստիճան պետական պաշտօնեաների, Ազգային Ժողովի պատգամաւորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դէմ դատական հետապնդումների յարուցման պրակտիկան: «Մենք մաքսիմալիստ չենք եւ պատրաստ ենք լրջօրէն վերաբերուել այդ առթիւ իշխանութիւնների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման: Աւելին, փոխըմբռնումը հեշտացնելու նպատակով մենք պատրաստ ենք նաեւ, թէկուզ վաղուանից, շուրջօրեայ հանրահաւաքներին զուգընթաց, վերսկսել երկխօսութիւնը իշխանութիւնների հետ»,- ընդգծել է Լեւոն Տէր-Պետրոսեանը: Շօշափելի արդիւնքների չհասնելու պարագայում, մէկ շաբաթ անց կ'որոշուի շարունակել, թէ՞ դադարեցնել շուրջօրեայ հանրահաւաքները: Լեւոն Տէր-Պետրոսեանը շուրջօրեայ հանրահաւաքների բոլոր մասնակիցներից պահանջել է «երկաթեայ կարգապահութիւն եւ ինքնագործունէութեան որեւէ դրսեւորման բացառումէ: Չի թոյլատրւում նաեւ ալկոհոլային խմիչքներ օգտագործած մարդկանց մուտքը հրապարակ, բնակչութեան հանգիստը չխանգարելու համար երեկոյեան ժամը 10-ից յետոյ հրապարակում դադարեցւում էն աղմուկն ու երաժշտութիւնը, խստիւ արգելւում է որեւէ շփում կամ վիճաբանութիւն ոստիկանութեան աշխատակիցների հետ: Ոստիկանութեան ներկայացուցիչների հետ տարբեր հարցերի շուրջ բանակցելու համար լիազօրուած էն Լեւոն Զուրաբեանը, Դաւիթ Շահնազարեանը, Դաւիթ Մաթեւոսեանը եւ Աւետիս Աւագեանը: Այս կանոնները խախտող անձինք կհամարուէն սադրիչներ եւ կարգ ու կանոնի պահպանումն ապահովող հասարակական կարգադրիչների կողմից դուրս կհրաւիրուէն հրապարակից:
  -   Քաղաքական