Դեսպան Սեյրանեանի հանդիպումը Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շուարցենբերգի հետ


Դեսպան Սեյրանեանի հանդիպումը Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շուարցենբերգի հետ

  • 04-10-2011 13:25:46   |   |  Քաղաքական

Հոկտեմբերի 3-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանեանը հանդիպեց Չեխիայի Հանրապետութեան Առաջին փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Կարել Շուարցենբերգի (Karel Schwarzenberg) հետ: Չեխ բարձրաստիճան պաշտօնեան շնորհաւորեց դեսպանին Հայաստանի անկախութեան 20-ամեայ տարեդարձի առթիւ եւ համոզմունք յայտնեց, որ Չեխիայում ՀՀ դեսպանութեան բացումը կարեւոր խթան կը հանդիսանայ երկկողմ բարեկամական յարաբերութիւնների զարգացման գործում: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպման ընթացքում քննարկուեց հայ-չեխական քաղաքական, տնտեսական եւ մշակութային յարաբերութիւնների զարգացմանն առնչուող հարցերի լայն շրջանակ: Պարոն Շուարցենբերգը յատկապէս կարեւորեց համագործակցութեան հեռանկարները մշակոյթի եւ, միգուցէ նաեւ` ատոմային էներգետիկայի բնագաւառներում: Զրուցակցի խնդրանքով դեսպան Սեյրանեանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերեալ ՀՀ մօտեցումները: Անդրադարձ եղաւ արցախեան հիմնախնդրի բանակցային գործընթացին, մասնաւորապէս` կազանեան հանդիպմանը, որը բեկումնային չեղաւ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չեղաւ ընդունել եռանախագահների կողմից առաջարկուած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Տիգրան Սեյրանեանը նշեց, որ Հայաստանը հաւատարիմ է մնում հիմնահարցի բացառապէս խաղաղ կարգաւորմանը, սակայն պատրաստ է նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական նոր արկածախնդրութեան դէպքում խաղաղութիւն պարտադրել նրան:
  -   Քաղաքական