Վանաձոր-բագրատաշեն հատուածում սողանքի հետեւանքով հաւանական անյայտ կորածները հինգն են


Վանաձոր-բագրատաշեն հատուածում սողանքի հետեւանքով հաւանական անյայտ կորածները հինգն են

  • 04-10-2011 15:48:11   | Հայաստան  |  Հասարակութիւն
Վանաձոր-բագրատաշեն հատուածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մօտ տեղի ունեցած սողանքի հետեւանքով 5 հաւանական անյայտ կորածների թիւը հոկտեմբերի 4-ի ժամը 08.20-ի դրութեամբ մնում է անփոփոխ: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարութեան, հաւանական անյայտ կորածներից 2-ը Երեւանի բնակիչ են, մէկը` Լճկաձոր գիւղից, երկուսը` Վրաստանի քաղաքացի: Բանակցութիւններ են ընթանում հողազանգուածի տակ յայտնուած մեքենաները «Հարաւկովկասեան երկաթուղու» կռունկների եւ ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան ուղղաթիռների օգնութեամբ դուրս բերելու վերաբերեալ: Ելնելով եղանակային պայմաններից եւ սողանքային գօտու շարունակուող ակտիւութիւնից` փրկարարներն ու կամաւորներն աշխատել են բացառապէս բահերի եւ այլ փրկարարական գործիքների օգնութեամբ: Նշենք, որ նախորդ երեկոյեան Տաւուշի մարզ է այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը`սողանքի հետեւանքով առաջացած իրավիճակին տեղում ծանօթանալու համար: Իսկ վաղ առաւօտից դէպքի վայրում է եղել ՀՀ ԱԻ նախարար Արմէն Երիցեանը, ով ղեկավարել է որոնողա-փրկարարական աշխատանքները: Յիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրօւմ` Վանաձոր-բագրատաշեն հատուածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մօտ (Լճկաձոր գիւղի հատուածում), տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարութեամբ եւ 60 մ բարձրութեամբ հողազանգուածը լցուել է աւտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Տեղում պարզուել է, որ փլուածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենայ: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծուել է օպերատիւ շտաբ: Միջոցներ են ձեռնարկուել սողանքի գօտում յայտնուած աւտոմեքենաների ուղեւորներին օգնութիւն ցուցաբերելու համար:
  -   Հասարակութիւն