Հայ Ազգային Կոնգրէսը այլեւս անիմաստ է համարում իշխանութեան հետ որեւէ երկխօսութիւն


Հայ Ազգային Կոնգրէսը այլեւս անիմաստ է համարում իշխանութեան հետ որեւէ երկխօսութիւն

  • 04-10-2011 19:51:05   | Հայաստան  |  Քաղաքական
Հոկտեմբերի 4-ին Հայ Ազգային Կոնգրէսը հանդէս է եկել յայտարարութեամբ, որի ամբողջական տեքստը ներկայացւում է ստորեւ. «սեպտեմբերի 30-ին սկսելով շուրջօրեայ հանրահաւաքները, Հայ Ազգային Կոնգրէսը յայտարարեց, որ այս լարուած քաղաքական իրավիճակում պատրաստ է, շուրջօրեայ հանրահաւաքներին զուգընթաց, վերսկսել բանակցութիւնները իշխանութիւնների հետ: Կոնգրէսի յայտարարութիւնը թելադրուած էր այն բանի գիտակցումով, որ երկխօսութեան ստեղծուած ձեւաչափով բանակցութիւնների վերսկսումը կարող է ծառայել որպէս ժողովրդի բարձրացրած պահանջների իրագործման եւ ստեղծուած քաղաքական հակամարտութեան անցնցում կարգաւորման գործիք, թուլացնել առճակատման մթնոլորտը, եւ քաղաքական գործընթացները զերծ պահել երկրի կայունութիւնը խաթարելու վտանգից: Հոկտեմբերի 3-ին իշխանութիւնները տարածել էն ընդդիմութեան հասցէին էժանագին խրատներով համեմուած մի յայտարութիւն, որը բանակցութիւնների վերսկսումը պայմանաւորում է շուրջօրեայ հանրահաւաքների աւարտով: Դնելով նման պայման, իշխանութիւնները ապացուցում էն հաւաքների ազատութիւնը մերժող իրենց հակադեմոկրատական բնոյթը, ինչպէս նաեւ փորձում էն նենգափոխել օրինական իշխանութեան ձեւաւորման համար պայքարող ժողովրդի եւ ոչ-օրինակարգ իշխանութեան միջեւ հակամարտութեան էութիւնը մի քանի վրանի տեղադրման օրինականութեան շուրջ անհեթեթ վիճաբանութեամբ: Նման պահուածքը նաեւ մատնում է իշխանութեան վախը Ազատութեան հրապարակում մեր կազնակերպած հանրահաւաքների նկատմամբ: Պետական եւ քաղաքական մտածելակերպից զուրկ եւ գաւառամիտ լինելը սրանով ապացուցող իշխանութիւնները այդպէս էլ չհասկացան, որ հասարակութեան հետ իրենց հակամարտութեան հիմքում ընկած է չընտրուած լինելու փաստը: Փոխանակ փորձեն համարժէք գնահատել այս հիմնահարցը եւ, ժողովրդի, ինչպէս նաեւ նրան ներկայացնող ընդդիմութեան հետ բանակցելով, գտնել հէնց այս խնդրի լուծման ուղիները, իշխանութիւնները այսօր կենտրոնացած էն միայն մէկ խնդրի վրայ. ամէն գնով ապահովել հանրահաւաքի սակաւամարդութիւնը: Այդ նպատակով նրանք, խախտելով Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրաւունքը, աննախադէպ տրանսպորտային բլոկադա էն հաստատել, այդ առումով հաւասարուելով Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարութիւններին: Տոտալ բնոյթ էն ստացել նաեւ քաղաքացիների նկատմամբ ոստիկանութեան կողմից տարբեր տեսակի սպառնալիքներով կատարուող հոգեբանական ճնշման մեթոդները: Հայ Ազգային Կոնգրէսը ներկայ պահին այլեւս անիմաստ է համարում նման իշխանութեան հետ որեւէ երկխօսութիւն եւ մեր առջեւ դրուած խմդիրների լուծումը այսուհետեւ տեսնում է միայն ժողովրդի մոբիլիզացիայի եւ մեր զանգուածային միջոցառումների ակտիւացման մէջ: Ընթացիկ երկխօսութիւնը նախաձեռնուել էր Հայ Ազգային Կոնգրէսի կողմից, իսկ ընդհատուած երկխօսութեան վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն իշխանութիւնների նախաձեռնութեամբ, եթէ նրանք համապատասխան խնդրանքով դիմեն մեզ: Այդ դիմումը մենք կը քննարկենք եւ կ'որոշենք`ընդառաջել, թէ ոչ նշուած խնդրանքինէ:
  -   Քաղաքական