Արտէմ Սարգսեան. «Վաղնջական ժամանակներից հայ մարդը տարբերակել է կրթութիւնն ու դաստիարակութիւնը, գիտելիքն ու քաղաքակրթութիւնը` միաժամանակ միշտ գիտակցելով այդ երկուսի անքակտելի ու սրբազան միասնականութիւնը»


Արտէմ Սարգսեան. «Վաղնջական ժամանակներից հայ մարդը տարբերակել է կրթութիւնն ու դաստիարակութիւնը, գիտելիքն ու քաղաքակրթութիւնը` միաժամանակ միշտ գիտակցելով այդ երկուսի անքակտելի ու սրբազան միասնականութիւնը»

  • 05-10-2011 16:29:38   | Հայաստան  |  Հասարակութիւն
Այս տարուայ շուրջ 500 առաջին կուրսեցի պատիւ ունեցաւ զինուորագրուել ապագայ մանկավարժների հզօր բանակին, որի առաջին ուսուցիչն ու զինուորը եղել է Խաչատուր Աբովեանը: Մինչ արարողութեան մեկնարկը` առաջին կուրսեցիները այցելեցին Խաչատուր Աբովեանի տուն թանգարան: Միջոցառումը սկսուեց տէրունական աղօթքով. ոսանողներին շնորհաւորեց Գր. Լուսաւորիչ Եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Անոյշաւան Եպիսկոպոս Ժամկոչեանը` փոխանցելով Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի օրհնանքի խօսքը. «Թող Ձեր ուսումանական այս տարիները լինեն քանքարների հաւաքելու շրջան, եւ այնքան շատ կարողանաք հաւաքել դրանք, որ փոխանցէք Ձեր աշակերտներին: Մանկավարժական համալսարանը ինձ համար շատ հարազատ օջախ է` իր ժրաջանութեամբ, աշխատասիրութեամբ եւ ուսանողների պարկեշտութեամբ»,- ասաց նա: Առաջին կուրսեցիներին ողջունեց ՀՊՄՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆէսոր Ռուբեն Միրզախանեանը: «Այս տարի 12-ամեայ կրթութեան հետ կապուած սակաւ էր դիմորդների թիւը գրեթէ բոլոր բուհերում, այնուհանդերձ պէտք է այսօր արձանագրել, որ մանկավարժական համալսարան է ընդունուել շուրջ 500 հոգի, ովքեր վաղը ծառայելու են կրթութեան ու լուսաւորութեան բարձր նպատակներին: Մանկավարժական համալսարանի մագիստրատուրայ ընդունուել են 1100 հոգի, եւս 1000-ով կը համալրուի մեր հեռակայ ուսուցման համակարգը: Մեր դպրոցն ունի ապագայ` ի դէմս ձեզ»,- ասաց ռեկտորը` հաւաստիացնելով, որ նրանց ուսումնառութեան տարիներին էլ աւելի կը կատարելագործուի մանակավարժական կրթութիւնը: Բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արտէմ Սարգսեանը շնորհաւորելով ուսանողներին ընդգծեց. «Հայը ձգտել է հետեւել մեծերի խրատներին ու հանճարների խօսքին, դարեր շարունակ նա բարձր է պահել ուսուցչի, մանկավարժի դերը, եւ մեծ լուսաւորիչ Խաչատուր Աբովեանը դրա վառ օրինակն է: Վաղնջական ժամանակներից հայ մարդը տարբերակել է կրթութիւնն ու դաստիարակութիւնը, գիտելիքն ու քաղաքակրթութիւնը` միաժամանակ միշտ գիտակցելով այդ երկուսի անքակտելի ու սրբազան միասնականութիւնը»: Նա բարի երթ մաղթեց Աբովեանի գործի հետեւորդներին` ապագայ մանկավարժներին, եւ յորդորեց նրանց արժանի լինել Աբովեանի անունը կրող համալսարանի ուսանողը լինելու պատուաւոր կոչմանը: Ապա Հպմհ-ի Նախադպրոցական, սկզբնական եւ յատուկ կրթութեան ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Հռիփսիմէ Գալաւարեանը բոլոր ուսանողների անունից ընթերցեց առաջին կուրսեցու երդման տեքստը, եւ հանդիսաւոր արարողութիւնն շարունակուեց համերգային գեղեցիկ ծրագրով: Հ/Գ- Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանը Հայաստանի հնագոյն կրթօջախներից է, հանրապետութիւնում իր շուրջ 15 հազար ուսանողների թուով երկրորդ բուհը, որը յաջորդ տարի կտօնի իր հիմնադրման 90 ամեակը: Այս տարի արդէն բուհում դասաւանդում է Գիտութիւնների ազգային ակադեմիայի 17 անդամ, գիտութիւների 80 դոկտոր, պրոֆէսոր, եւ 394 գիտթեկնածու: Բուհի ղեկավարութեան ուշադրութեան կենտրոնում է սոցիալական խնդիրը. 40 տոկոսով բարձրացուել է պրոֆէսորադասախօսական, ինչպէս նաեւ ուսումնաօժանդակ կազմի աշխատավարձերը:
  -   Հասարակութիւն