Թուրքիան փորձում է փոթորիկ բարձրացնել Միջերկրական ծովում


Թուրքիան փորձում է փոթորիկ բարձրացնել Միջերկրական ծովում

  • 05-10-2011 16:50:55   |   |  Յօդուածներ

Միջերկրական ծովի արեւելեան բաժնի ջրերը՝ Կիպրոսի եւ Իսրայէլի հարեւանութեամբ, վերջերս փոթորկոտ են: Թուրքիան սպառնացել է փոթորիկ ստեղծել այդ շրջանում եւ յայտարարել է, թէ հարկ եղած դէպքում՝ զինւորական գործողութիւնների կը դիմի: Հարցը աւելի է լրջացել վերջերս, երբ Թուրքիայի եւ Իսրայէլի յարաբերութիւնները այլեւս բարեկամական չեն եւ միւս կողմից էլ այն, որ այդ շրջաններում են գտնւում նաւթի պաշարներ եւ Կիպրոսն ու Իսրայէլը համագործակցաբար սկսել են նաւթային պեղումների աշխատանքները: Կիպրոսը եւ Թուրքիան շատ հարցեր ունեն միմեանց հետ. աւելի շուտ՝ Թուրքիան է, որ հարցեր ունի Կիպրոսի հետ: 1974 թւականին Թուրքիան յարձակւեց Կիպրոս կղզու վրայ, այն պատրւակով, թէ Յունաստանը փորձում է միջամտել Կիպրոսի հարցերին եւ փորձում է գերակշռել կղզուն եւ իբր թէ Յունաստանը պատրաստւում է զինւորական պետական հարւած կատարել կղզում եւ իշխել կղզու վրայ. այդ պատճառով՝ Թուրքիան յարձակւեց Կիպրոսի վրայ, Կիպրոսը բաժանւեց երկու մասի՝ հարաւային՝ յունական Կիպրոս եւ հիւսիսային՝ թուրքական Կիպրոս: Հիւսիսային բաժինը իրեն անկախ հանրապետութիւն հռչակեց 1980 թւականին. իհարկէ, մինչ այժմ ոչ մի պետութիւն պաշտօնապէս չի ճանաչել այդ թուրքական հանրապետութեանը, բացի ինքը՝ Թուրքիան եւ ընդհակառակը՝ Հիւսիսային Թուրքական Կիպրոսի Հանրապետութիւնը ենթակայ է միջազգային շրջափակումների: Միւս կողմից՝ Կիպրոսի Հիւսիսային Յունական Հանրապետութիւնը 2004 թւականին դարձաւ Եւրոմիութեան անդամ, որը խիստ զայրացրեց Թուրքիային: Թուրքիայի կողմից յունական բաժնի պաշտօնապէս չճանաչւելն ու նաեւ Կիպրոսի վրայ յարձակւելն ու հիւսիսային բաժնի գրաււել, բացասական նիշ եւ արգելք են Թուրքիայի համար Եւրոմիութեան անդամ դառնալու ճանապարհին (որին ձգտում է 1959 թւականից): Վերոյիշեալ հարցերից բացի՝ գոյութիւն ունի մի այլ կարեւոր հարց՝ նաւթ: Միջերկրական ծովի արեւելեան շրջանի ջրերում՝ Կիպրոսի եւ Իսրայէլի մօտ, գոյութիւն ունեն նաւթի պաշարներ, որոնք գնահատւում են շուրջ 5.3 տրիլիոն խորանարդ մետր եւ աւելի քան չորս միլիարդ դոլար արժողութեամբ: Արդէն մէկ տարուց աւել է, որ Իսրայէլը եւ Կիպրոսը համագործակցաբար՝ ծրագրեր են մշակել այդ շրջաններից նաւթի արտածման կապակցութեամբ: Սեպտ. 18-ից արդէն ամերիկեան նաւթային մի ընկերութիւն յանձն է առել այդ շրջանի պեղումների աշխատանքը: Թուրքիան իր խիստ հակառակութիւնն ու զայրոյթն է ցուցաբերել Կիպրոս-Իսրայէլ այդ նաւթային ծրագրի դէմ: Իսրայէլի հետ իր յարաբերութիւնները նւազեցնելուց յետոյ՝ յայտնեց, թէ իր ծովուժն ուղարկելու է Միջերկրականի արեւելեան բաժինների (որոնք մօտ են նաեւ Գազային) անվտանգութիւնն ապահովելու համար: Միւս կողմից՝ նաեւ յայտարարել է՝ քանի որ Կիպրոսի Յունական Հանրապետութիւնը օրինականութիւն չունի (ըստ Թուրքիայի)՝ ուստի՝ իրաւունք չունի նաւթային պեղումներ կատարել այդ շրջաններում: Որպէս հակազդեցութիւն՝ ինքը՝ Թուրքիան մի պայմանագիր է կնքել Կիպրոսի Թուրքական Հանրապետութեան հետ, ըստ որի՝ նոյն շրջանների հարեւանութեամբ գտնւող ջրերում (բայց չմօտենալով ամերիկեան ընկերութեան աշխատանքի սահմաններին) Թուրքիան եւս սկսի նաւթային հետազօտութիւններ կատարել մի նորւեգական ընկերութեան համագործակցութեամբ, ու նաեւ իր ծովուժից մի քանի շրջիկ եւ հսկիչ նաւեր ու սուզանաւ է ուղարկել այդ շրջանները: Ամերիկան եւ Եւրոպան Թուրքիայից պահանջել են աւելի զուսպ լինել եւ վիճակը չբարդացնել: Արդէն պարզ է՝ երբ Կիպրոս-Իսրայէլ նաւթային նախագիծն իրագործւում է մի ամերիկեան ընկերութեան համագործակցութեամբ, նշանակում է, թէ Ամերիկան հովանաւորում է այդ նախագիծը: * * * Թուրքիան իր աշխարհագրական դիրքից փորձում է առաւելագոյնս օգտւել, կամրջողն է Եւրոպայի ու Ասիայի, հարեւան է Բալկանին ու Միջին Արեւելքին, հակակշռող դիրք ունի Աֆրիկայի հիւսիսում ու նաեւ իր քաղաքական ծրագրաւորումների ու ձգտումների բերումով, որ փորձում է դառնալ շրջանային ու համաշխարհային ուժ, ամէն առիթից օգտւում է իր ներկայութիւնն ապացուցելու եւ միջամտելու շրջանի հարցերին: Արաբական աշխարհում տեղի ունեցած ընդվզումները լայն դաշտ բացեցին Թուրքիայի համար՝ դերակատարութիւններ ունենալու շրջանի բեմում: Կիպրոս-Իսրայէլ նաւթի հարցը նաեւ մէկ առիթ է, յատկապէս որ՝ էներգետիկայի բնագաւառում Թուրքիան ծրագրում է դառնալ շրջանի նաւթային ու գազային փոխադրութիւնների կայան-կենտրոն ու դէպի եւրոպական շուկաներ գնացող նաւթային փոխադրումների դուռը: Ահա եւ այս վերջինը՝ Կիպրոս-Իսրայէլ նաւթային ծրագիրը, որտեղ Թուրքիան ուզում է ունենալ իր դերն ու մասը, քանի որ Կիպրոսի նաւթը պիտի փոխադրւի դէպի Եւրոպա՝ Յունաստանի միջոցով: ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
  -   Յօդուածներ