Մարկոս Գրիգորեանին նւիրւած ֆիլմի ցուցադրութիւն՝ Թեհրանում


Մարկոս Գրիգորեանին նւիրւած ֆիլմի ցուցադրութիւն՝ Թեհրանում

  • 11-10-2011 17:05:34   |   |  Մամլո հաղորդագրություն
Մամուլի հաղորդագրութեամբ տեղեկանում ենք, որ ուրբաթ, հոկտեմբերի 14-ին Թեհրանի Հայկ. բարեգործական ընդհանուր միութեան սրահում երեկ. ժամը 5-ին կը կայանայ իրանահայ արւեստագէտ Մարկոս Գրիգորեանին նւիրւած «Որպէսզի չուշանանք…» տեսաֆիլմի շնորհանդէս: Տեսաֆիլմի հեղինակներն են լրագրողներ՝ Մարիաննա Աբրահամեանը եւ Անժելլա Ֆրանգեանը: Մուտքն ազատ է: Նշելի է, որ հոկտեմբերի 7-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կայացել է նոյն ֆիլմի շնորհանդէսը: Մարկոս Գրիգորեանը կոնցեպտուալ արւեստի ականաւոր վարպետ էր ստեղծել էր կերպարւեստի նոր տեսակ՝ հողանկարչութիւն: Տարբեր երկրներում տարբեր քաղաքակրթութիւններ եւ տարբեր սերունդներ ներկայացնող բազմաթիւ արւեստագէտներ (Նամի, Քալանթարի՝ Իրան, Անսելմօ Քիֆր՝ Գերմանիա, եւ այլք) իրենց համարում են աշակերտներն ու հետեւորդները հայազգի նկարիչ Մարկոս Գրիգորեանի, որի արւեստն արդէն կէս դար համաշխարհային արւեստի իրողութիւն է: Այն ներկայացւած է Նիւ Եօրքի Ժամանակակից արւեստի թանգարանում, «Ռաքֆելլեր» կենտրոնի հաւաքածոների կազմում, Հռոմի, Թեհրանի, Երեւանի պատկերասրահներում եւ այլուր: 1990-ականների սկզբում, երբ Հայաստանը հռչակւեց անկախ պետութիւն, Գրիգորեանն իր հաւաքած արւեստի ու արհեստի հնագոյն նմուշների հարուստ հաւաքածոն, նաեւ աշխատանքների մի մասը փոխադրեց Երեւան, որտեղ Չարենցի անւան գրականութեան եւ արւեստի թանգարանի սրահներից մէկում բացւեց նրա «Սաբրինա Գրիգորեանի եւ Մարկոս Գրիգորեանի հաւաքածոյի հիման վրայ ստեղծւած Միջին Արեւելքի թանգարանը»: ՀՀ մշակոյթի նախարարութիւնը տարիներ շարունակ խոստացաւ տարածք յատկացնել՝ առանձին թանգարան հիմնելու համար: Անցել է տասնութ տարի, եւ խոստումը դեռ իրագործւած չէ... Մարիաննա Աբրահամեան, Անժելլա Ֆրանգեան «ԱԼԻՔ» օրաթերթ
  -   Մամլո հաղորդագրություն