«Հերման Էհլերս» հիմնադրամի պատուիրակութեան այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


«Հերման Էհլերս» հիմնադրամի պատուիրակութեան այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • 12-10-2011 11:51:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Միջեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի տնօրէն Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանն ընդունեց Գերմանիայի ?Հերման Էհլերս? քաղաքական հիմնադրամի ներկայացուցիչներին: Պատուիրակութիւնը, որի կազմում ընդգրկուած էին նաեւ Գերմանիայի Շլեսուիգ-հոլշտայն նահանգի մի խումբ պետական գործիչներ, համալսարանի պրոֆէսորներ եւ դպրոցների տնօրէններ, Հայաստան էր ժամանել` ծանօթանալու հայ ժողովրդի հոգեւոր ժառանգութեանը եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու դերակատարութեանը հայ ժողովրդի ինքնութեան պահպանութեան գործում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջունելով հիւրերին` Յովակիմ եպիսկոպոսը նրանց հանգամանօրէն ներկայացրեց Հայոց Եկեղեցու պատմութիւնն ու աւանդութիւնները: Սրբազան Հայրը մասնաւոր անդրադարձ կատարեց Հայոց Ցեղասպանութեան տարիներին եւ Խորհրդային իշխանութեան շրջանին Հայ Եկեղեցու կրած դժուարութիւններին եւ այսօր հայ ժողովրդի կեանքում հոգեւոր առաքելութիւնը լիարժէք իրականացնելու ուղղութեամբ ձեռնարկուող քայլերին: Յովակիմ Սրբազանը գոհունակութեամբ ներկայացրեց նաեւ հոգեւոր-եկեղեցական կեանքում Եկեղեցու կողմից ՀՀ անկախութեան շրջանին արձանագրած յաջողութիւններն ու ձեռքբերումները` ընդգծելով, սակայն, որ բազում են ժամանակի մարտահրաւէրները եւ դրանց յաղթահարման գործում հոգեւոր սպասաւորները բազում անելիքներ ունեն: Ըստ մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատուական Համակարգի մամլոյ հաղորդագրութեան, ի պատասխան պատուիրակութեան անդամների հարցումների` Սրբազանը նաեւ անդրադարձաւ Հայոց Եկեղեցու յարաբերութիւններին Քրիստոնէական այլ Եկեղեցիների հետ:
  -   Մամլո հաղորդագրություն