Հանդիսաւորապէս կայացաւ «Թունեան» դպրոցի բացումը


Հանդիսաւորապէս կայացաւ «Թունեան» դպրոցի բացումը

  • 13-10-2011 15:22:17   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 13 հոկտեմբերի «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», շնորհաւոր Սասուն քաղաքամասի «Թունեան» աղջ. տարր. դպրոցի եւ «Սասուն» մանկապարտէզի նորակառոյց շէնքի բացումը: Ահա նման վերտառութեամբ գրւած պաստառով էր զարդարւած նորակառոյց դպրոցի ճակատը, որը տարիների սպասումից յետոյ՝ նոր եռանդ ու լիցք հաղորդեց ոչ միայն յիշեալ քաղաքամասի համայնքին ու այդ դպրոցը յաճախող աշակերտներին, այլեւ՝ թեհրանահայութեանը: Երէկ երեկոյեան դպրոցի մուտքը իրենց շարքերով զարդարել էին աշակերտուհիները եւ անհամբեր սպասում էին պաշտօնական բացման հանդիսութեանը: Դպրոցի մուտքի դռան ամրացւած ժապաւէնը, իր օրհնութեան խօսքից յետոյ, հատեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Գէորգ Աբուլեանի, Թ. Հ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանի ուղեկցութեամբ: Ապա Սրբազան Հօր գլխաւորութեամբ նորակառոյց դպրոցի օրհնութեան կրօնական արարողութիւն իրականացաւ դպրոցի պատշգամբում, ապա Իրանի պետական հիմնով ու Տէրունական աղօթքով սկսւեց նախատեսւած ծրագիրը: Ծրագիր, որը մէկտեղւած էր ոչ միայն յաւուր պատշաճի արտայայտութիւններով, այլեւ՝ «Սասուն» մանկապարտէզի եւ «Թունեան» դպրոցի աշակերտների գեղարւեստական կատարումներով՝ երգերով ու ասմունքներով եւ դպրոցի հիմնօրհնէքի, վերակառուցման ու տեղափոխման մասին պատրաստւած բովանդակալից ժապաւէնի ցուցադրումով: Ներկաներին ողջոյնի խօսք ասաց «Թունեան» դպրոցի փոխտեսչուհի Շաքէ Աւետեանը, որի արտայայտութիւնները յուզումնալից, սակայն միաժամանակ ուրախութեամբ էին տոգորւած: Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Իռէն Աբնուսեանը իր ելոյթի ընթացքում վերակառուցւած դպրոցի մասին այսպէս արտայայտւեց. «Դպրոց, որը անցնելով 54-ամեայ իր ուղին, վերաշինւած ու արդիականացած, այսօր իր դռներն է բացում մեր նոր սերունդի առջեւ, որպէսզի կրթի ու դաստիարակի դարձեալ սերունդներ, որոնք կը դառնան մեր մտաւորականները, բարերարները եւ նւիրւած ազգայինները, քանի որ առաւել քան երբեւէ՝ կարիքն է զգացւում արհեստավարժ, բանիմաց եւ նախանձախնդիր ազգայինների»: Ներկաներին իր խօսքը փոխանցելու համար՝ բեմ հրաւիրւեց Իրանի Իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը: Նա իր արտայայտութիւնների ընթացքում շեշտեց. «Երկար ժամանակներից, չար ու բարի խօսքերից, լաւ ու վատ օրերից յետոյ, այսօր կանգնած ենք այս գեղեցիկ շէնքի շեմին՝ շնորհաւորելու մեր բալիկներին իրենց նորակառոյց շէնքը, շնորհաւորելու մեր նոր սերունդին իրենց նոր տունը, այն տունը, ուր յոյս ունենք, որ իրենց ուսուցիչների, տեսուչների եւ բանիմաց պատասխանատուների պատասխանատւութեան զգացմունքի ներքոյ՝ դաստիարակւեն որպէս լաւ հայեր»: Թ. Հ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը խորհրդի խօսքը պարսկերէնով հասանելի դարձրեց, քանզի ուսումնադաստիարակչութեան նախարարութիւնից ու յարակից շրջանի ուսումնադաստիարակչութեան գերատեսչութեան կողմից ներկայ էին հրաւիրեալներ: Նա հակիրճ տողերով ներկայացրեց դպրոցի վերակառուցման գործընթացը եւ աւելացրեց, որ շինարարութեան համար յատկացւած գումարը ամբողջութեամբ հոգացել է ազգային իշխանութիւնը: Ծրագրի ընթացքում չէր կարելի չգնահատել նրանց, ովքեր իրենց անմիջական ներդրումներն էին բերել վերակառուցման գործընթացին, ինչպէս՝ ճարտարապետներ ու տեխնիկական հարցերով զբաղւողներ. խորհրդարանի պատգամաւորի ձեռամբ նրանց յանձնւեցին գնահատագրեր: Իսկ վերջում բեմ հրաւիրւեց թեմակալ առաջնորդը՝ իր օրհնութեան խօսքն ասելու հոծ թւով համախմբւած հայրենակիցներին: Սրբազան Հայրը ողջունելով վերակառուցւած դպրոցի բացումը՝ ասաց. «Անցնող տարիների ընթացքում սա երրորդ կրթական հաստատութիւնն է, որ կառուցւում է՝ «Շանթ» տարր. դպրոցը, «Մարիամեան» ուղեցոյց դպրոցը եւ ահա՝ «Սասուն» մանկապարտէզն ու «Թունեան» դպրոցը: Սրանք արտաքին վկայութիւններն են մարդկային կեանքի վերանորոգ ընթացքով շարունակման»: Թեմակալ առաջնորդը նշեց նաեւ, որ սրանից երեք տարի առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ներկայութեամբ կատարւեց շէնքի հիմնօրհնէքը, իսկ այսօր բացումն է կատարւում կրթական այս երկու նորակառոյց հաստատութիւնների եւ աւելացրեց. «Ամէն մի կրթական հաստատութիւն մի միջնաբերդ է՝ ժողովրդի գոյատեւման, այդ ժողովրդի ազգային եւ հոգեւոր արժէքների պահպանման համար: Ամէն մի կրթական հաստատութիւն մեր ժողովրդի զաւակների համար մի փոքրիկ հայրենիք է, որի դռներից ներս մտնելիս՝ խաչակնքելով է, որ պէտք է ներս մտնենք, իսկ երբ դասարան ենք մտնում, այդտեղ Մեսրոպ Մաշտոցն է, որ պատարագում է»: Սրբազան Հօր արտայայտութիւններից յետոյ՝ դպրոցի ծնողների կողմից կազմակերպւել էր ընդունելութիւն, ապա ժողովուրդն այցելեց շէնքը, որի պատերը զարդարւած էին հայ մտաւորականների պատկերներով: Նշենք, որ օրւայ հանդիսութեանը ներկայ էին՝ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ դեսպանութեան խորհրդականը, Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Սերգէյ Շահվերդեանը, Տ. Մակար վրդ. Աշգարեանը, քահանայ հայրեր, ուսումնադաստիարակչութեան գծով պետական հիւրեր, դպրոցների տեսուչներ եւ ուսուցիչներ, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հոծ թւով հայրենակիցներ: * Յատկանշական է, որ «Սասուն» մանկապարտէզի շինարարական աշխատանքները դեռ լիովին աւարտւած չլինելու պատճառով՝ յիշեալ կրթօջախի պաշտօնական բացումը կը կատարւի մի առ ժամանակ յետոյ:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը