Տեղի ունեցավ «ԻՐԱԳՈՐԾՈՒՄ 2011» ցուցահանդես-տոնավաճառը


Տեղի ունեցավ «ԻՐԱԳՈՐԾՈՒՄ 2011» ցուցահանդես-տոնավաճառը

  • 18-10-2011 16:03:47   | Հայաստան  |  Մշակույթ
Գեղարվեստական արհեստների տոն Արմավիրի մարզում: Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու «Լեւոն Գալչյան արվեստանոց» գեղարվեստական արհեստների կենտրոնը հոկտեմբերի 18-ին արվեստի գեղեցիկ տոն կազմակերպեցին Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի Այգեգործական թաղամասում` ներկայացնելով «Արհեստագործության զարգացման ծրագրի» շրջանակներում գյուղաբնակ պատանիների ու աղջիկների կիրառական արվեստի աշխատանքները: «ԻՐԱԳՈՐԾՈՒՄ 2011» խորագիրը կրող գեղարվեստական արհեստների ցուցահանդես-տոնավաճառին ներկայացան նաեւ Հայաստանի գեղարվեստական արհեստները ներկայացնող լավագույն վարպետները, հանդիսավոր պայմաններում բացվեց «Արծրուն Բերբերյան» արծաթագործական արվեստանոցը, եւ վառվեց նորակառույց թոնրատուն-հացի թանգարանի կրակը: Տոնավաճառը տեղի ունեցավ «Լեւոն Գալչյան արվեստանոց» գեղարվեստական արհեստների կենտրոնում, ուր իրենց աշխատանքներով ներկայացան ճանաչված վարպետներ եւ արվեստագետներ Միքայել Մկրտչյանը, Լյուդվիգ Ավետիսյանը, Աննա Քոլոզյանը, Սուսաննա Աբովյանը, Արմեն Առաքելյանը, Սոնա Դանոյանը, Կառլեն Արեւիկյանը, Արարատ Մարտիրոսյանն ու Արմեն Խաչատրյանը: Գալչյան ընտանիքի հովանավորությամբ եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ բացվեց «Արծրուն Բերբերյան» արծաթագործական արվեստանոցը: Հայ մեծանուն վարպետ Արծրուն Բերբերյանի գործը կշարունակի դուստրը` Անահիտ Բերբերյանը, ով կղեկավարի արվեստանոցը: Գյուղաբնակ երիտասարդների շրջանում արհեստագործության տարածման նպատակով` 2011 թ-ից Հայաստանի մանուկներ հիմնադրամն աջակցում է «Լեւոն Գալչյան արվեստանոցի» խեցեգործության, դարբնի գործի եւ ասեղնագործության ուղղություններին: Վերջիններս համալրվեցին անհրաժեշտ գործիքներով եւ նյութերով: Ավելի վաղ` ս.թ. փետրվարին Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի գյուղերից ընտրվեցին մոտ 35 պատանիներ ու աղջիկներ, ովքեր անցան արհեստների ուսուցման քառամսյա ծրագիր: Ուսուցումը ավարտելուց հետո, երիտասարդները ստեղծեցին կիրառական արվեստի իրենց գործերը, եւ մինչ օրս նրանցից ոմանք շարունակում են իրենց գործունեությունը արվեստանոցում որպես ենթավարպետներ: Ցուցահանդես-վաճառքի հյուրերը ականատես եղան եւս մեկ իրագործման. վառվեց դարբնոցի հարեւանությամբ նորակառույց թոնրատուն-հացի թանգարանի առաջին կրակը, եւ մասնակիցներն համտեսեցին նորաթուխ հայկական ավանդական լավաշը: «Լեւոն Գալչյան արվեստանոց»-ում տեղակայված հացի թանգարանում ցուցադրվում է հացի արարման ընթացքում օգտագործվող ազգագրական իրերի հավաքածուն: Արվեստին նվիրված բովանդակալից օրն իր ելույթներով ողջունեց «Վան» նախագիծը` ազգային նվագարանների համույթը, որի առաքելությունն է ուսումնասիրել ու վերաներկայացնել հայ տոհմիկ երաժշտությունն իր ողջ բազմազանությամբ ու հարստությամբ: Համույթի գեղարվեստական ղեկավարն է տաղանդաշատ երաժիշտ Նորայր Քալաշյանը: Միջոցառման ընթացքում մեկ այլ առիթ էլ կար տոնելու. ներկայացվեց «Լեւոն Գալչյան արվեստանոց»-ի նորաստեղծ ինտերնետային կայքը` www.lgstudio.am, որն իրագործվեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից: Կայքում կներկայացվի արվեստանոցի գործունեությունը, կցուցադրվեն Լեւոն Գալչյանի, կենտրոնի տնօրեն Միքայել Մկրտչյանի աշխատանքներն ու տարբեր խմբակներ հաճախող սաների ստեղծագործությունները: Աջակցելով գեղարվեստական արհեստների զարգացմանը եւ երիտասարդների մոտ սերմանելով արվեստի նկատմամբ սեր` Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու «Լեւոն Գալչյան արվեստանոց»-ը նպատակադրվել են «Իրագործում» ցուցահանդես-տոնավաճառը դարձնել ավանդական ու ամենամյա, որի շրջանակներում հասարակությանը հնարավորություն կունենան ներկայանալ տարվա ընթացքում ասպարեզ եկած շնորհալի արվեստագետներն ու վարպետները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play