Ամբոխավար քաղաքականութիւն


Ամբոխավար քաղաքականութիւն

  • 19-10-2011 16:42:43   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 19 հոկտեմբերի Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է Ահմեդ Դաւութօղլուն՝ 2009 թւականի մայիսից: Նախքան այդ՝ նա վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխաւոր խորհրդականն էր: Դաւութօղլուն քաղաքագէտ է, դոկտորական աստիճան ունի քաղաքագիտութեան մէջ եւ Թուրքիայի ներկայ արտաքին քաղաքականութիւնը մշակող հիմնական դէմքն է, հեղինակն է մի գրքի՝ «Ռազմավարական խորք» անունով, որը միայն թուրքերէնով է լոյս տեսել եւ մինչ այժմ չի թարգմանւել որեւէ այլ լեզւի: Թուրքիայի ներկայ արտաքին քաղաքականութիւնը եւս հիմնականում առնւած է այդ գրքում եղող Դաւութօղլուի մտքերից: Գրքում նշւած է, թէ Թուրքիան ներկայ աշխարհում պիտի լինի թէ՛ բարեկամ՝ Արեւմուտքի հետ, եւ թէ՛ միաժամանակ Արեւելքում ազդեցութիւններ ստեղծի կամ այլ խօսքով՝ «Արեւմուտքի հետ պահելով կապերը՝ պէտք է նաեւ նայւածք ունենայ դէպի Արեւելք»: Դաւութօղլուի մտքերից է նաեւ, որ Թուրքիան պէտք է հարեւան երկրների հետ իր խնդիրներն ու դժւարութիւնները զրոյի հասցնի, այսինքն՝ որեւէ հարց չունենայ եւ չստեղծի իր հարեւան երկրների ու նաեւ տարածաշրջանի երկրների հետ: Սակայն, այս նոր ռազմավարութիւնը գործադրելու համար՝ Թուրքիան կարիք ունէր շրջանում աւելի գործօն դերակատարութիւն ունենալու, իսկ շրջանում աւելի գործունեայ եւ ազդեցիկ լինելու համար՝ նախեւառաջ պէտք է շրջանի եւ գլխաւորաբար Միջին Արեւելքի ժողովուրդների մօտ աւելի համակրելի ու ընդունելի դառնար. մի խօսքով՝ աւելի գիտական բառերով ասած՝ իր արտաքին քաղաքական ու դիւանագիտական աշխատանքները գործադրելու համար՝ նախընտրեց ունենալ աշխոյժ «հանրային դիւանագիտութիւն», բայց Թուրքիան արաբական երկիր չէ եւ թուրքերն արաբ չեն, ինչպէ՞ս կարելի էր՝ ոչ-արաբական մի երկիր համակրելի ու սիրելի դառնար Արաբական աշխարհում. պատասխանը այս էր՝ օգտւել Պաղեստինեան հարցից. թուրք իշխանաւորները փորձեցին ու փորձում են Պաղեստինեան հարցը ձեւացնել որպէս միասնական հարց՝ իրենց եւ արաբների միջեւ: Արդէն յիշում էք, թէ սրանից երեք տարի առաջ Շւէյցարիայի Դաւոսի ժողովում Թուրքիայի վարչապետը խիստ եւ սուր քննադատութեան ենթարկեց Իսրայէլի նախագահ Պերէզին, յետոյ մի քանի ամիս անց Թուրքիան նաւով մարդասիրական օգնութիւններ ուղարկեց պաղեստինցիների համար, իսրայէլցիների յարձակումն այդ նաւի վրայ յարմար առիթ ստեղծեց Թուրքիայի համար, որ իր կապերը նւազեցնի Իսրայէլի հետ, այն նպատակով, որ արաբների մօտ համակրանք շահի: Սակայն, այս բոլորից թուրքերը փնտրում են մէկ բան եւ դա իրենց շահերին հասնելն է. կարեւոր է, որ պահպանեն իրենց ազգային շահերը եւ այդ ճանապարհին նաեւ արաբների աչքին հերոս ձեւանան: Ամենացայտուն օրինակն այն է, որ վերջերս թուրքերը որոշեցին ԱՄՆ-ի միջոցով պատրաստւած հակահրթիռային համակարգ տեղադրել իրենց երկրում՝ ցոյց տալու իրենց դաշնակից ու բարեկամ լինելը՝ Եւրոպայի ու ԱՄՆ-ի հետ, եւ քանի որ այդ հրթիռային համակարգի տեղադրումը մեծ զգայնութիւն էր առաջացնում շրջանում, միւս կողմից թուրքերը խզեցին իրենց դիւանագիտական կապերը Իսրայէլի հետ՝ զգայնութիւնը նւազեցնելու նպատակով: Իսկ տեսանք, թէ ինչքանով է յաջող ընթացել Թուրքիայի արտաքին քաղաքականութեան այն սկզբունքը, թէ հարեւան երկրների հետ դժւարութիւններն ու խնդիրը պէտք է զրոյի իջեցւեն: * Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնները սառեցւած վիճակում են: * Կիպրոսի գրաւման բերումով (1974 թ.՝ Թուրքիայի միջոցով), նաեւ Եգէական ծովի սահմանների ու նաեւ Կիպրոսի ջրերի մօտ նաւթահորերից օգտւելու պատճառով՝ տագնապալի վիճակում են գտնւում ԹուրքիաՅունաստան յարաբերութիւնները: * Թուրքիա-Սիրիա կապերը, որ մի ժամանակ շատ ջերմ էին եւ Բաշշար Ասադն ու Էրդողանը համարւում էին մտերիմ ընկերներ, այժմ այդքան էլ ջերմ չեն եւ Սիրիայի հարցով Թուրքիան համագործակցում է Արեւմուտքի հետ: * Թուրքիայում հակահրթիռային համակարգի տեղադրումը զգայնութիւն է առաջացրել Թուրքիայի հարեւան երկրների հետ ունեցած յարաբերութիւնների մէջ: ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը