Տեղի ունեցավ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տարեկան ժողովը


Տեղի ունեցավ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տարեկան ժողովը

  • 21-10-2011 14:44:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հիմնադրված Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի տարեկան` 2010-2011թթ.-ն ամփոփող ժողովը: Արդեն տասնհինգ տարի գործող Կլոր Սեղան հիմնադրամի նպատակն է աջակցել բարեգործական, գյուղատնտեսական, բնապահպանական, կրթական, մշակութային ու հասարակական տարբեր ծրագրերի իրականացմանը: Վերջին շրջանում Կլոր Սեղանը ներգրավված է նաեւ տարածաշրջանային խաղաղության հաստատման եւ արտակարգ իրավիճակներում օգնության կազմակերպման ծրագրերում: Ժողովը սկսվեց Կլոր Սեղանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի աղոթքով եւ բացման խոսքով: Սրբազան Հայրը, ողջունելով ժողովին ներկա Կլոր Սեղանի գործընկերներին եւ աշխատակիցներին, հաջողություն ու բարի ընթացք մաղթեց ժողովի աշխատանքներին: Ներկաներին իր ողջույնի խոսքը փոխանցեց նաեւ ՀԿՍ գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Վերջինն ուրախությամբ նշեց, որ հիմնադրամի երկարատեւ աշխատանքի արդյունքները նկատելի են, ընդլայնվել է գործընկերների ցանցը: Հիմնադրամի գործադիր տնօրենը ժողովականներին ներկայացրեց նաեւ միջեկեղեցական կազմակերպության օպերատիվ եւ արագ արձագանքը Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքների հաղթահարման գործում. «Մենք թերեւս միակ միջազգային կազմակերպությունն ենք, որ առաջինն արձագանքեցինք այդ դժբախտ պատահարին եւ հոգեւոր, նյութական աջակցություն ցուցաբերեցինք»: Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգի մամլո հաղորդագրության, ժողովին իր մասնակցությունն էր բերել նաեւ Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ով իր ելույթում ներկայացրեց Հանրային խորհրդի գործառույթները, ստեղծման նպատակը եւ կատարվող աշխատանքները: Այնուհետեւ ՀԿՍ-ի գործադիր տնօրենը եւ ծրագրերի պատասխանատուները ներկայացրեցին հիմնադրամի 2010-2011 թթ. գործունեության հաշվետվությունը, ապա տեղի ունեցան քննարկումներ, որոնց ընթացքում նախանշվեցին հիմնադրամի հետագա գործունեության առաջնահերթ ոլորտները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն