Կառավարությունն առաջարկում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրամադրել հարկային արտոնություններ


Կառավարությունն առաջարկում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրամադրել հարկային արտոնություններ

  • 24-10-2011 16:15:50   | Հայաստան  |  Տնտեսություն

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրվում են հարկային արտոնություններ: Մասնավորապես, «Գույքահարկի մասին» օրենքում նախատեսվող լրացումներով առաջարկվում է գույքահարկից ազատել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգեւոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող շենքերն ու շինություները: «Հողի հարկի մասին» գործող օրենքում նախատեսվող փոփոխություններով hողի հարկից ազատվում են վերոհիշյալ օբյեկտների զբաղեցրած, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Եկեղեցին ազատվում է նաեւ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի եւ հողի հարկի, ինչպես նաեւ այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի եւ տուգանքների գումարների վճարումից: Նախատեսվում է, որ հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ: Հարկումից ազատվող օբյեկտների, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկերը սահմանելու է ՀՀ կառավարությունը: ՀՀ հողայի օրենսգրքում առաջարկվող լրացումներով, մասնավորապես, հնարավորություն է ընձեռնվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով անհատույց տրամադրել պետության եւ համայնքների սեփականության հողամասերը: Օրենսդրական փոփոխությունների փաթեթը բավականին բուռն քննարկման տեղիք տվեց: Պատգամավորներին հիմնականում հուզում էին փոփոխությունների հետեւանքով համայնքների բյուջեների նվազեցման, ինչպես նաեւ ցանկում ընդգրկվելիք օբյեկտների հարցերը: Վերջինը, մասնավորապես, առաջացել էր Եկեղեցու կողմից պատգամավորներին տրամադրված 286 օբյեկների ցանկի պատճառով: Դրանում եկեղեցիներից, առաջնորդարաններից, հոգեւոր-մշակութային, կրթադաստիարակչական օբյեկտներից բացի, ներառված են, մասնավորապես, 20 հողատարածքներ, 45 հողամաս, 6 տնամերձ հողամաս, 4 արոտավայր, 4 վարելահող, 20 բնակելի տներ, 35 բնակարան, 4 առանձնատուն (վիլլա), 3 պանսիոնատներ եւ առողջարաններ, 2 կինոթատրոն, 3 խանութ, տաղավար, 11 ֆուտբոլային մարզադաշտ` շրջակա կառույցներով, 2 անտառ- պուրակ, արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան: Ինչպես նկատեց ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հստակություն չկա ոչ կառավարության հիմնավորումներում եւ ոչ էլ` Մայր Աթոռի կողմից ներկայացված ցուցակում. «Ինչո՞վ է ֆուտբոլի դաշտին տրվելիք այդ արտոնությունը նպաստելու այն հոգեւոր խնդիրներին, որոնք լուծելու է մեր բոլորի կողմից սիրված, ընդունված Մայր Աթոռ Առաքելական Սուրբ Եկեղեցին»: Ընդ որում, Եկեղեցին` ներկայացնելով ցանկը, նշել էր, որ այն ամբողջական չէ եւ խիստ նախնական է: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնեց, որ ցանկը «տեսանելի կարճ ժամկետում խիստ նախնական է լինելու», քանի որ եկեղեցական գույքի ամբողջ ծավալը դեռեւս գույքագրված չէ: Ըստ նրա, ներկայացված ցանկում ներառված են մի շարք օբյեկտներ` «պանսիոնատներ, մարզադաշտեր, սպորտային համալիրներ եւ այլ կարգի կառույցներ, որոնք իսկապես հարցադրում են առաջացնում»: Փոխնախարարը վստահեցրեց, որ կառավարությունը, սահմանելիս այն գույքի ցանկը, որի վրա տարածվելու են արտոնությունները, պետք է հստակ կողմնորոշվի, թե, օրինակ, «մոմի արտադրամասում արտադրվում են միայն ծիսական արարողությունների համար մոմեր, թե նաեւ դեկորատիվ մոմեր` հարսանյաց հանդեսների համար, որոնք կոմերցիոն նպատակով կարող են վաճառվել կամ դրվել շրջանառության մեջ»: Ինչ վերաբերում է տեղական բյուջեների նվազմանը, ապա, ըստ Վ.Տերտերյանի, համայնքային բյուջեների կառավարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առ այսօր «մեր համայնքները Եկեղեցուց, որպես սեփականություն արձանագրված գույքից, գույքահարկ կամ հողի հարկ փաստացի չեն ստացել»: «Մի կողմից չեն ստացել, մյուս կողմից` օրենքով իրենց վերապահված գործուն հնարավորությունը` վարչական մեխանիզմներ, դատական հայցեր եւ այլն, չեն օգտագործել»,-հայտնեց փոխնախարարը` ընդունելով, որ այս փոփոխություններով տեղական բյուջեների եկամտային բազան իրավական առումով իրոք կրճատվում է: Այս կապակցությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Ճիշտ կլինի, որ այդ լիազորությունը տանք համայնքներին, համայնքները` իրենց ավագանիով, լավություն անեն Եկեղեցուն, որովհետեւ իրենց բյուջեներից են գումարները նվազում»: Պատգամավորները նաեւ նկատեցին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն նման արտոնությունների տրամադրումը կհանգեցնի այլ կրոնական կազմակերպությունների կողմից իրենց նկատմամբ հավասար մոտեցում ցուցաբերելու պահանջին, եւ ակնհայտ է, որ նրանք այդ հարցով աջակցություն ստանալու նպատակով կդիմեն միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Եվրոպայի խորհրդին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play