Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել մի շարք ուղղություններով հաջողությամբ զարգացող հայ-ռուսական հարաբերությունները


Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել մի շարք ուղղություններով հաջողությամբ զարգացող հայ-ռուսական հարաբերությունները

  • 26-10-2011 12:30:02   | Ռուսաստան  |  Քաղաքական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ի երեկոյան հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նշելով, որ պետական այցի շրջանակներում ՌԴ կառավարության նախագահի հետ հանդիպումը լավ հնարավորություն է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների քննարկման համար, Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ լավ մակարդակում: Նա նշել է, որ կառավարությունների միջեւ երկխոսությունը եւ ձեւավորված մթնոլորտը թույլ են տալիս քննարկել ցանկացած հարց: «Մենք համարում ենք, որ իրականում մեր տնտեսական հարաբերությունները վատ չեն զարգանում: Ինչպես Դուք արդեն նշեցիք՝ անցյալ տարի մենք հասանք մինչեւ 1 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության ծավալների»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Հայաստանի համար դա լուրջ թիվ է: Ս.Սարգսյանը նշել է, որ օտարերկրյա ներդրումների 57 տոկոսը ռուսական ներդրումներն են, կան ռուսական կամ համատեղ մոտավորապես 1500 ընկերություններ, այսինքն, այդ իմաստով՝ աճ կա: Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ հումանիտար ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին, որոնք, նրա հավաստմամբ, եւս լավ են զարգանում: Ըստ նրա, ՌԴ իր այցի օրերին պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր քվոտաների մասին: «Իհարկե, մենք կցանկանայինք քննարկել նոր ծրագրերի հնարավորությունները, որոնք է՛լ ավելի կամրապնդեն մեր հարաբերությունները»,- ասել է Ս.Սարգսյանը: ՌԴ կառավարության նախագահը, ողջունելով Սերժ Սարգսյանին եւ նշելով, որ անչափ հաճելի է տեսնել նրան Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակներում, անդրադարձել է երկու երկրների միջեւ տնտեսական, այդ թվում՝ առեւտրատնտեսական հարաբերություններին: Վլադիմիր Պուտինը եւս բարձր է գնահատել մի շարք ուղղություններով հաջողությամբ զարգացող հայ-ռուսական հարաբերությունները՝ նշելով, որ Հայաստանի վարչապետի հետ բոլորովին վերջերս հնարավորություն է ունեցել հանգամանորեն զրուցել երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի ինտենսիվ զարգացնելու լրացուցիչ անելիքների մասին: ՌԴ կառավարության նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է աշխատանքային ռեժիմով:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play