Հովիկ Աբրահամյան. «ՀՀ Նախագահը, խորհրդարանը եւ կառավարությունը հաստատակամ են ժողովրդավարական բարեփոխումներն ավարտին հասցնելու գործում»


Հովիկ Աբրահամյան. «ՀՀ Նախագահը, խորհրդարանը եւ կառավարությունը հաստատակամ են ժողովրդավարական բարեփոխումներն ավարտին հասցնելու գործում»

  • 02-11-2011 19:26:02   | Հայաստան  |  Քաղաքական
Եվրոպական խորհրդարանի եւ Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանականների միջեւ քաղաքական երկխոսության նպատակով տասներկու տարի առաջ հիմված հանձնաժողովն իր հետեւողական աշխատանքի շնորհիվ կարողացավ նպաստել Հայաստանի եւ Եվրամիության համատեղ օրակարգի ձեւավորմանը: Այս մասին Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստի բացմանը նոյեմբերի 2-ին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծեց, որ Եվրոպական ուղղությունը եւ Եվրամիության հետ մերձեցումը Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններից է: «Ուստի մենք մեծ կարեւորություն ենք տալիս Եվրամիություն-Հայաստան համագործակցության օրակարգում այս փուլում ընդգրկված հարցերին, որոնք վերաբերում են ավելի սերտ համագործակցությանը, մասնավորապես արտաքին եւ անվտանգության քաղաքականությանը, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, տեղաշարժի, մարդու իրավունքների, էներգետիկայի բնագավառներին»,- ասաց նա: Հ.Աբրահամյանը այդ համատեքստում կարեւոր համարեց, որ մոտ մեկ տարի առաջ մեկնարկած Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունների արդյունքում հաջողությամբ ավարտվել է փաստաթղթի տասնինը բաժնի մշակումը: Եվրամերձեցման ճանապարհին Հայաստանի բարեփոխումների եւ առաջընթաց քայլերի շարքում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց բոլորովին վերջերս լայն քննարկումների արդյունքում ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը, որը հնարավորություն է տալիս անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ: Կարեւոր ձեռքբերում է նաեւ, ըստ նրա, «Հավաքների ազատության մասին» նոր օրենքը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածով եւ միջազգային պայմանագրերով սահմանված հավաքների ազատության, հավաք կազմակերպելու եւ հավաքին մասնակցելու իրավունքի ապահովումն է: Նոր օրենքը նախատեսում է անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք կարգավորում են հավաքների ազատությունն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը: Նվազագույնի է հասցվում տարբեր պետական մարմինների միջամտությունը հավաքների սահամանփակման հարցում, /այսպիսով բացառելով հավաքներն արգելելուն ուղղված կամայականությունները/: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը գոհունակություն հայտնեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթ»-ի ստեղծման փաստի առնչությամբ. «Հայաստանի Ազգային ժողովը առաջիններից է արձագանքել վեհաժողովի ստեղծմանը` առանց հապաղելու տանելով դրա կայացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Միջխորհրդարանական այս վեհաժողովն Արեւելյան գործընկերության քաղաքականության խորհրդարանական այն լծակն է, որը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի առաջ մղելու քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը Եվրամիության եւ Արեւելյան գործընկեր պետությունների միջեւ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը, հավելելով, որ վեհաժողովը չի կարող լիարժեք գործել, եթե տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի փոխարեն շարունակաբար հարթակ բերվեն միայն հակամարտություններին առնչվող խնդիրներ: «Եվրամիությունը` իր տարածքում հաստատելով տեւական խաղաղություն եւ բարեկեցություն, աշխարհին ներկայանում է որպես քաղաքական եւ տնտեսական ինտեգրացիայի յուրատեսակ օրինակ: Համոզված եմ` այս փորձը կարելի կլինի տեղայնացնել նաեւ Հարավային Կովկասում, եթե մասնակից բոլո՛ր կողմերը դրսեւորեն անհրաժեշտ քաղաքական կամք: Հայաստանի Հանրապետությունը իր հարեւանների հետ հարաբերությունների բնականոն զարգացման, տարածաշրջանային համագործակցության խորացման անթաքույց կողմնակիցն է»,- ասաց ԱԺ նախագահը: Կարեւորելով քաղաքացիական հասարակության հետ ակտիվ երկխոսությունը, Հայաստանի Ազգային ժողովը կարեւոր իրադարձություն է համարում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության եւ «Արեւելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ»-ի միջեւ օրեր առաջ փոխըմբռնման հուշագրի կնքումը: Հ.Աբրահամյանը կարեւորեց դրանում ամրագրված հինգ հիմնական նպատակները՝ պետական կառավարման համակարգում կոռուպցիայի կանխարգելում եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, աջակցություն հանրային կյանքի բոլոր բնագավառներում եւ ոլորտներում քաղաքացիական ազատությունների եւ իրավունքների սահմանափակումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, Հայաստանի` Եվրամիության առջեւ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ ազգաբնակչության իրազեկության մակարդակի բարձրացում, Հասարակության մեջ եվրոպական արժեքների ընկալմանն ու յուրացմանը օժանդակող գիտակցության ձեւավորում, Հայասատանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ կնքված եւ կնքվելիք պայմանագրերից բխող օրենսդրության բարեփոխում եւ մշակում: Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ բարեփոխումների իրականացումը հնարավոր չէ, եթե չկա դրանց նկատմամբ հավատ, համոզվածություն եւ քաղաքական կամք: «Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Նախագահը, խորհրդարանը եւ կառավարությունը հաստատակամ են ժողովրդավարական բարեփոխումներն ավարտին հասցնելու գործում»,- ասաց նա:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play