Դավիթ Հարությունյան. Ազգային ժողովի նախագահի պաշտոնով իսկապես հետաքրքրված չեմ


Դավիթ Հարությունյան. Ազգային ժողովի նախագահի պաշտոնով իսկապես հետաքրքրված չեմ

  • 02-11-2011 18:35:14   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային ժողովի նախագահի պաշտոնը դեռեւս թափուր չէ, եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առայժմ նոր թեկնածության հարց չի քննարկել: Այս մասին նոյեմբերի 2-ին ԱԺ-ում` ի պատասխան լրագրողների հարցերի, հայտնեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ առաջիկայում, բնականաբար, այդ հարցը կդառնա քաղաքական քննարկման առարկա: Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե ինքը ԱԺ նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածուներից մեկն է, ապա , ըստ Դ.Հարությունյանի, դա ամենեւին չի մտնում իր նախասիրությունների մեջ: «Այդ պաշտոնով ես իսկապես հետաքրքրված չեմ»,-ընդգծեց նա: Հարցին, թե նման առաջարկի դեպքում ինչպիսին կլինի իր պատասխանը, նա ասաց. «Ես կարծում եմ, որ կոռեկտ չէ հիմա քննարկել, բայց հուսով եմ, որ ինձ նման առաջարկ չի ներկայացվի»: Լրագրողների խնդրանքով Դ.Հարությունյանն անդրադարձավ նաեւ Հովիկ Աբրահամյանի` ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու առաջարկը նախօրեին ընդունելու եւ այդ կապակցությամբ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու որոշմանը. «Թեեւ նախընտրական վիճակ չկա, այնուամենայնիվ քաղաքականության մեջ անհրաժեշտ է արդեն սկսել մոբիլիզացնել ուժերը` հաշվի առնելով նաեւ այն, որ բավականին թեժ քաղաքական պայքար է մեզ սպասում: Այդ տեսանկյունից, կարծես թե, հարցը քննարկվեց կուսակցությունում, եւ բոլորն ունեցան միասնական դիրքորոշում»: Հարցին, թե որքանով են հավաստի այն լուրերը, թե հրաժարականը պայմանավորված է իշխանական շրջանակներում առկա հակասություններով, Դ.Հարությունյանը նշեց, որ «այդ դեպքում նախընտրկան շտաբ չեն ղեկավարում»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play