Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Քյոլն քաղաք


Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Քյոլն քաղաք

  • 08-11-2011 12:49:39   | Գերմանիա  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Քյոլն քաղաք: Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել քաղաքի հայկական կազմակերպությունների ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ եւ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Այնուհետեւ Նախագահ Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարան, որտեղ առանձնազրույց է ունեցել թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Պեքճեանի հետ, որից հետո հանդիպել Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը ներկայացրել է Արցախի ներքին կյանքը եւ արտաքին քաղաքականությունը, պետության առջեւ ծառացած հիմնախնդիրները եւ պատասխանել ներկաների հարցերին: Բակո Սահակյանը նշել է, որ գերմանահայությունն ունի մեծ ներուժ, ինչը ստեղծում է համագործակցության խոստումնալից հեռանկարներ: Այս տեսանկյունից Նախագահը հատկապես ընդգծել է Քյոլնի հայկական համայնքի նշանակությունը, որը հանդիսանում է Գերմանիայի ամենամեծ ու կազմակերպված գաղութներից մեկը, եւ որի շուրջ էլ համախմբվում է գերմանահայ համայնքը: Հանդիպումներին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվությանգլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Քաղաքական