Կվերականգնվեն ափապաշտպան կառույցները


Կվերականգնվեն ափապաշտպան կառույցները

  • 10-11-2011 15:25:52   | Հայաստան  |  Տնտեսություն
Կառավարության նոյեմբերի 10-ի նիստում կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել ավելի քան 256 մլն դրամ՝ Արմավիրի մարզի Ջանֆիդայի համայնքի տարածքում Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման, Սյունիքի մարզում Արաքս գետի վթարված եւ վթարավտանգ հատվածների վերականգնման, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի տարածքում Մարտունի գետի կարճապատնեշների տեղադրման, Տավուշի մարզի Աչաջուրի համայնքի տարածքում Աղստեւ գետի հունի ուղղման, արգելաթմբերի ստեղծման միջոցով մաքրման նպատակով։ Նշված աշխատանքները կատարվելու են մինչեւ 2012 թ. գարնանային վարարումները։ Ըստ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, կառավարության որոշմամբ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմամբ 2011 թ. ձեռք բերված դեֆլեկտոմետրը անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին։ Մոտ 105 մլն դրամ արժեքով ժամանակակից ճանապարհային այդ սարքավորումը, որն հագեցված է համակարգչային ծրագրով, հնարավորություն է տալիս գնահատել գոյություն ունեցող եւ նոր կառուցված ճանապարհային հագուստի ամրությունը։ Կառավարությունը որոշել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ, շարքային պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի 5 անձից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել 3 սենյականոց բնակարանի հատկացմամբ։ Արտակ Ղաբուզյանը 2010 թ. ԼՂՀ հյուսիս-արեւելյան սահմանում հերթապահության ժամանակ ցուցաբերել է արիություն եւ նախաձեռնողականություն` ոչնչացնելով դիրք ներխուժած հակառակորդի դիվերսանտին։ Գործադիրը որոշել է 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած Սեդա Բաբայանցի զբաղեցրած բնակելի տարածքը, որը գտնվում է «Հանրակացարաններ» ՓԲԸ-ը տնօրինության Երեւանի Արցախի 4-րդ նրբանցքի մասնաշենքում, սեփականաշնորհել նրա անունով։ Մեկ այլ որոշմամբ սահմանվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի տրման կարգը, որի համաձայն ՀՀ ոստիկանության մարմինների կողմից տրամադրվող վկայականի գործողության ժամկետը մեկ տարի է։ Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011թ պետբյուջեում, փոփոխություններ եւ լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում եւ Ա. Երզնկյանի անվան N 118 ավագ դպրոցի ֆիզիկայի լաբորատորիան անհրաժեշտ սարքավորումներով եւ լաբորատոր պիտույքներով համալրելու նպատակով հատկացրել 10 մլն դրամ։
Նոյյան տապան  -   Տնտեսություն