ԵՐԵՔ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է
ՄՐՑԱԽԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
02-12-1999 15:00:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տղամարդկանց
հավաքականը Բաթումում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում
շարունակում է իր գերազանց ելույթները: Առաջին երկու տուրերի
հաղթանակներից հետո Հայաստանի գլխավոր թիմը Ռումինիայի հավաքականի
հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, եւ, բնականաբար,
շվեյցարական համակարգի համաձայն, 3-րդ տուրում պետք է հանդիպեր նրա
հետ: Առաջին խաղատախտակի վրա մեր թիմի առաջատար Սմբատ Լպուտյանը
երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց, այս անգամ վերջին տարիների
շախմատային գլխավոր հայտնություններից մեկի` Նիսիպիանուի նկատմամբ:
2-րդ եւ 3-րդ խաղատախտասկների վրա Արտաշես Մինասյանն ու Աշոտ
Անաստասյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի, իսկ երբ 4-րդի վրա
պատանի Լեւոն Արոնյանը նույնպես պարտության մատնեց մրցակցին`
արձանագրվեց 3:1 խոշոր հաշիվը: Ներկայումս Հայաստանի հավաքականը
միանձնյա գլխավորում է Եվրոպայի թիմային առաջնության մրցաշարային
աղյուսակը:
Աղջիկների թիմը առաջին տուրերի հաղթանակներից հետո
Բուլղարիայի հավաքականի հետ մրցավեճում պարտություն կրեց 0:2
հաշվով: Իրենց մրցակցուհիներին զիջեցին Էլինա Դանիելյանն ու Գոհար
Հլղաթյանը:
Հարկ ենք համարում շեշտել, որ արդեն օրինաչափություն է դարձել
Հայաստանի հավաքականի կազմում հայ անվանի գրոմայստեր, 41-ամյա
գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի աննախադեպ հզոր խաղը: Նա որեւէ
պատճառաբանությամբ երբեք չի հրաժարվել հանդես գալ հայրենի թիմի
կազմում եւ միշտ էլ ուժերի գերլարումով ապահովել է Հայաստանի
հավաքականի նվաճումները` վաստակած միավորներով առյուծի բաժինը
ներդնելով ընդհանուր հաղթանակներում: Շուտով խաղալու է տարվա
գլխավոր անհատական մրցումներից մեկում` Վեյք ան Զեեի միջազգային
խոշոր մրցումներում, որտեղ հանդես են գալու աշխարհի բոլոր առաջատար
շախմատիստները` Գարրի Կասպարովի գլխավորությամբ: Հայ
շախմատասերները Սմբատից հաղթանակներ են ակնկալելու նաեւ նրա
անհատական ելույթներում: