ԵՐԵՔ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է<br /> ՄՐՑԱԽԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ<br />


ԵՐԵՔ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է
ՄՐՑԱԽԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

  • 02-12-1999 15:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բաթումում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում շարունակում է իր գերազանց ելույթները: Առաջին երկու տուրերի հաղթանակներից հետո Հայաստանի գլխավոր թիմը Ռումինիայի հավաքականի հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, եւ, բնականաբար, շվեյցարական համակարգի համաձայն, 3-րդ տուրում պետք է հանդիպեր նրա հետ: Առաջին խաղատախտակի վրա մեր թիմի առաջատար Սմբատ Լպուտյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց, այս անգամ վերջին տարիների շախմատային գլխավոր հայտնություններից մեկի` Նիսիպիանուի նկատմամբ: 2-րդ եւ 3-րդ խաղատախտասկների վրա Արտաշես Մինասյանն ու Աշոտ Անաստասյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի, իսկ երբ 4-րդի վրա պատանի Լեւոն Արոնյանը նույնպես պարտության մատնեց մրցակցին` արձանագրվեց 3:1 խոշոր հաշիվը: Ներկայումս Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է Եվրոպայի թիմային առաջնության մրցաշարային աղյուսակը: Աղջիկների թիմը առաջին տուրերի հաղթանակներից հետո Բուլղարիայի հավաքականի հետ մրցավեճում պարտություն կրեց 0:2 հաշվով: Իրենց մրցակցուհիներին զիջեցին Էլինա Դանիելյանն ու Գոհար Հլղաթյանը: Հարկ ենք համարում շեշտել, որ արդեն օրինաչափություն է դարձել Հայաստանի հավաքականի կազմում հայ անվանի գրոմայստեր, 41-ամյա գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի աննախադեպ հզոր խաղը: Նա որեւէ պատճառաբանությամբ երբեք չի հրաժարվել հանդես գալ հայրենի թիմի կազմում եւ միշտ էլ ուժերի գերլարումով ապահովել է Հայաստանի հավաքականի նվաճումները` վաստակած միավորներով առյուծի բաժինը ներդնելով ընդհանուր հաղթանակներում: Շուտով խաղալու է տարվա գլխավոր անհատական մրցումներից մեկում` Վեյք ան Զեեի միջազգային խոշոր մրցումներում, որտեղ հանդես են գալու աշխարհի բոլոր առաջատար շախմատիստները` Գարրի Կասպարովի գլխավորությամբ: Հայ շախմատասերները Սմբատից հաղթանակներ են ակնկալելու նաեւ նրա անհատական ելույթներում:
Նոյյան տապան  -   Սպորտ