ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԵՎՐՈ-2000 ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՎԵՐՋԻՆ<br /> ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԵՎՐՈ-2000 ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՎԵՐՋԻՆ
ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

  • 11-10-1999 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բարսելոնում տեղի ունեցած Անդորրա-Հայաստան հավաքականների խաղն ընթացավ Հայաստանի ֆուտբոլիստների անվերապահ գերազանցությամբ. նրանք 3:0 խոշոր հաշվով հաղթանակ տարան, ինչը միայն բարոյահոգեբանական նշանակություն ուներ, քանի որ ոչ բարելավում եւ ոչ էլ վատթարացնում էր հավաքականի մրցաշարային վիճակը: Մինչ Եվրո-2000 ֆուտբոլի ընտրական մրցաշարի իրենց վերջին հանդիպմանը մեկնելը ՀՀ ազգային հավաքականի մարզիչները չէին թաքցնում հաղթանակի ձգտելու տրամադրությունը եւ այն իրականացվեց: Չնայած խաղի հիմնական մասը հայ ֆուտբոլիստներն անցկացրին տաս հոգով (31-րդ րոպեին դաշտից հեռացվել էր Ալբերտ Սարգսյանը), Արթուր Պտերոսյանը, Տիգրան Եսայանը եւ Արմեն Շահգելդյանը մեկական գնդակ խփեցին մրցակցի դարպասը եւ ապահովեցին հավաքականի խոշորագույն նվաճումը մրցաշարում: Հայաստանի ֆուտբոլիստները տանելով իրենց երկրորդ եվ վերջին հաղթանակը այս մրցաշարում (առաջինը` նույն Անդորրայի նկատմամբ 3:1 հաշվով` Երեւանում)` 8 միավորով գրավեցին նախավերջին` 5-րդ տեղը: Իսկ բաղձալի 1-ին տեղը ենթախմբում, որը ուղիղ ճանապարհ է բացում դեպի Եվրոպայի առաջնություն, նվաճեցին աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ֆուտբոլիստները, որոնք Փարիզում 3:2 հաշվով դրամատիկ մրցապայքարում հաղթեցին իսլանդացիներին: Մոսկվայում գերլարված մթնոլորտում Ուկրաինայի ֆուտբոլիստները, 1:1 խաղալով Ռուսաստանի թիմի հետ, վերջինիս դարպասապահի անհավատալի սխալի շնորհիվ, գրավեցին 2-րդ տեղը, որը կարծես թե արդեն ապահովել էր Ռուսաստանի թիմը, երբ 75-րդ րոպեին Կարպինը բացեց խաղի հաշիվը: Շեւչենկոն խաղավարտից 2 րոպե առաջ խփեց իր միակ գոլը այս մրցաշարում, բայց այն ոսկու գին ունեցավ, ուկրաինացիները շարունակում են մրցապայքարը Եվրոպայի առաջնության մրցաշարում: 4-րդ ընտրական ենթախումբ Խաղ Միավոր Գոլեր 1.Ֆրանսիա 10 21 17-10 2. Ուկրաինա 10 20 14-4 3. Ռուսաստան 10 19 22-12 4. Իսլանդիա 10 15 12-7 5. Հայաստան 10 8 8-15 6. Անդորրա 10 0 3-27
Նոյյան տապան  -   Սպորտ