Բակո Սահակյանի ելույթը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ


Բակո Սահակյանի ելույթը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ

  • 21-11-2011 17:13:15   | ԱՄՆ  |  Քաղաքական
Սիրելի հայրենակիցներ, Թանկագին քույրեր ու եղբայրներ, Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ եւ հաղորդել արցախցիների ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նաեւ ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել արդեն ավանդական դարձած այս հանդիպման կազմակերպիչներին, ձեզ բոլորիդ, Սփյուռքի մեր հայրենակիցներին` Արցախին մշտապես սատարելու եւ աջակցելու համար: Դուք մեզ հետ եք եղել պատերազմի ծանր տարիներին, երբ կենաց-մահու պայքար էինք մղում թվով ու սպառազինությամբ մեզ բազմիցս գերազանցող թշնամու դեմ ու պաշտպանում մեր պապերի հողը: Մեզ հետ էիք պատերազմից հետո, երբ ստիպված էինք վերականգնել մեր ավերված երկիրն ու ապաքինվել զրկանքների ու կորուստների ցավից: Դուք մեզ հետ եք նաեւ այսօր, երբ արդեն կառուցում ենք ժամանակակից, ժողովրդավարական, կայուն զարգացող ու հաստատուն քայլերով դեպի ապագան ընթացող պետություն: Ես ավելի քան վստահ եմ, որ այդ ապագան կլինի պայծառ ու լուսավոր, բարգավաճ ու հաղթական, որ մեր վաղվա օրը կլինի ավելի լավ, քան այսօրն է: Վստահ եմ, որովհետեւ մեր ժողովուրդն արժանի է դրան: Վստահ եմ, որովհետեւ այդ ամենին հասնելու համար մենք ունենք անսասան կամք ու միասնական ոգի, ունենք ձեզ նման նվիրյալների մի հզոր բանակ: Սա մեր ժողովրդի արժանիքն է ու հարստությունը, որը պահպանելն ու շարունակաբար ամրապնդելը յուրաքանչյուր հայի պարտքն է: Ես ասացի, որ Արցախն այսօր բռնել է կայուն զարգացման ուղի: Դա սոսկ խոսքեր չեն: Իրականացված մի շարք բարեփոխումների արդյունքում մենք արձանագրել ենք կայուն տնտեսական աճ, որը զգալիորեն գերազանցում է նախկին տարիների ցուցանիշը: Լայնածավալ աշխատանքի շնորհիվ հասել ենք նրան, որ հանրապետության մի շարք ոլորտներում վերացել են այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսիք են կաշառակերությունն ու կոռուպցիան: Ստեղծել ենք բարենպաստ ներդրումային դաշտ, ինչը հնարավորություն է տալիս փոխշահավետ գործընկերային հարաբերություններ հաստատել միջազգային տարբեր հայտնի ընկերությունների հետ: Թանկագին բարեկամներ, Մեր հաջողությունների մեջ անգնահատելի է ձեր ներդրումը: <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում կառուցվել եւ վերանորոգվել են բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհիմնարկներ, բնակելի տներ, ճանապարհներ: Վերջին երեք տարիների ընթացքում խմելու ջրով ապահովվել է 66 համայնք: Ընդհանուր առմամբ, կառուցվել է մոտ 470 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման ցանց: Այդ ծրագրի իրականացման համար ծախսվել է ավելի քան 4,3 միլիարդ դրամ, որի 60 տոկոսը ֆինանսավորվել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից: Բայց պետք է նաեւ նշեմ, որ դեռեւս շատ են անելիքներն ու անհապաղ լուծում պահանջող խնդիրները: Արցախի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է մնում խմելու ջրի հարցը: Մենք նախատեսում ենք այս տարի շարունակել հանրապետության ջրային համակարգի բարելավման ծրագիրը: Ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը եւ նրանց պաշտպանությունը հանդիսանում է արցախյան պետականության ամրապնդման ամենակարեւոր ուղղություններից մեկը, որի դերը դժվար է գերագնահատել: Այն ունի քաղաքական, տնտեսական եւ սոցիալ-կենցաղային առանցքային նշանակություն: Ջուրը ռազմավարական այն ռեսուրսն է, որի տեղը համաշխարհային քաղաքականության մեջ գնալով ավելի ու ավելի է մեծանում: Իսկ մենք ունենք այդ ռեսուրսի չօգտագործվող հսկայական ծավալներ: Սիրելի հայրենակիցներ, Կոչ եմ անում բոլորիդ նույն եռանդով ու ոգեւորությամբ մասնակցել <<Հեռուստամարաթոն-2011>>-ին` այն խորին գիտակցությամբ, որ ձեր ներդրած յուրաքանչյուր լուման կնպաստի հայրենի Արցախի շենացմանն ու զորացմանը, նրա բնակչության կենսապայմանների բարելավմանը: Մեկս մեկին սատար կանգնելու, մեկս մեկին աջակից լինելու, հայրենի երկրի ու ժողովրդի հանդեպ մեր սուրբ պարտքը կատարելու գաղափարն է, որ պետք է միավորի ու առաջնորդի մեզ` դեպի նոր հաղթանակներ, դեպի նոր ձեռքբերումներ: Շնորհակալություն:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play