«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվել է ակադեմիկոս Աշոտ Սաղյանը


«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվել է ակադեմիկոս Աշոտ Սաղյանը

  • 23-11-2011 19:34:13   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն, փակ քվեարկությամբ ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության, Ա.Սաղյանը 2000-2010թթ. աշխատել է որպես «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն, 2010թ-ից` որպես ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար: Աշոտ Սաղյանը զբաղվում է ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ կենսամիմետիկ սինթեզ, կենսաբանորեն ակտիվ միացությունների անջատում եւ մաքրում, կենսաբանորեն ակտիվ պեպտիդների սինթեզ եւ հետազոտում գիտական ուղղություններով: Տպագրել է 229 աշխատանք, 1 մենագրություն, 1 դասագիրք եւ 4 մեթոդական աշխատանքներ: Ունի 11 ԽՍՀՄ հեղինակային իրավունք եւ 8 ՀՀ արտոնագիր: Ա. Սաղյանի ղեկավարությամբ պաշտպանել են 11 թեկնածուական ատենախոսություն եւ 70-ից ավելի դիպլոմային թեզեր: 2004թ. բնական գիտությունների բնագավառում կատարած գիտական աշխատանքի համար Սաղյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2002թ.` Չինաստանում կենսատեխնոլոգիայի զարգացումը խթանելու համար` ՉԺՀ կառավարական «Բարեկամություն» շքանշանի, 2001թ. ասիմետրիկ սինթեզի բնագավառում արձանագրված լուրջ արդյունքների համար արժանացել է Եվրոմիության Դեկարտի անվան մրցանակի:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play