«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար». ծրագիրը երեխաների համար բացահայտում է եվրոպական մշակույթն ու գրականությունը


«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար». ծրագիրը երեխաների համար բացահայտում է եվրոպական մշակույթն ու գրականությունը

  • 27-04-2024 13:31:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն այս օրերին Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացնում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին:
 
Մանկապատանեկան գրական ճամբարի երկրորդ օրը՝ ապրիլի 26-ին ինտերակտիվ հեքիաթապատման միջոցով Աչաջուրի գրադարանի ընթերցողները ծանոթացել են անգլիական գրականության նմուշներին: Երեխաները միասին ընթերցել են մանկագիր Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը: Յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո երեխաները հանդես են եկել վերլուծությամբ, իսկ վերջում ներկայացրել են հեքիաթի ավարտի իրենց տարբերակը: 
 
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցների հետ հանդիպում-քննարկման ընթացքում երեխաներին ներկայացվել են նաև Եվրոպական միության և Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) վերաբերյալ տեղեկություններ: Խոսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվելու առաքելության մասին: Քննարկումն ամփոփվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ցանկում ընդգրկված Հայաստանի մշակութային ժառանգության արժեքների ներկայացմամբ: Ստացած գիտելիքներն ամրապնդվել են տվյալ նյութերի շուրջ անցկացված վիկտորինայով: 
 
Աչաջուրում շարունակվել է նաև երեխաների համար անցկացվող նկարչության վարպետության դասընթացը: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանը երեխաներին ծանոթացրել է նկարչական խառը տեխնիկայի հմտություններին: Նրա համակարգմամբ երեխաները շարունակել են գույներ հաղորդել նախորդ օրը մեկնարկած աշխատանքներին: Իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի դիմանկարների իրենց տարբերակում և հայկական մանրանկարչության զարդանախշերի պատկերման ընթացքում երեխաները կիրառել են խառը տեխնիկա՝ ջրաներկ, մատիտ ու ֆլոմաստեր` առավել հարստացնելով և ավարտուն դարձնելով աշխատանքները:
 
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագծի շրջանակում։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2024 թվականի մարտի 27-ին՝ Սպիտակի համայնքային գրադարանում, մարտի 29-ին՝ Աչաջուրի գրադարանում:
 
 
ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play