ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՑՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ<br /> ՀԵՏԱՁԳՎԵՑ` ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՑՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԱՁԳՎԵՑ` ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

  • 09-11-1998 18:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 9-ին Երեւանի Սպանդարյանի տարածքի ժողդատարանում շարունակվեց Հայ գրողների միության գրանցումը անվավեր ճանաչելու մասին Հայաստանի Գրողների միության հայցապահանջի քննությունը` ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության: Դատարանը քննության է վերցրել նաեւ Հայ գրողների միության հակընդդեմ հայցը` համանման պահանջով: Հայցվորի ներկայացուցիչ, Հայաստանի Գրողների միության քարտուղար Ֆելիքս Մելոյանը հայտնեց, որ չնայած Բաղրամյան 3 հասցեով շենքը սեփականաշնորհված չէ, սակայն Հայաստանի Գրողների միության մոտ կա տարածքից օգտվելու իրավունքը վկայող փաստաթուղթ: Ըստ պրն. Մելոյանի, շենքի սեփականաշնորհված չլինելու հանգամանքից հարցի էությունը չի փոխվում. շենքը պատկանում է Հայաստանի Գրողների միությանը, ինչը ամրագրված է նաեւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցված Հայաստանի Գրողների միության կանոնադրության մեջ: Նա ընդգծեց, որ միության սեփականությունը գոյացել է ոչ թե պետության գումարների, այլ միության անդամների գրական արտադրանքից գոյացած միջոցների հաշվին: Հայ գրողների միության թբիլիսյան բաժանմունքի նախագահ, վկա Սամվել Պողոսյանը ափսոսանք հայտնեց այն կապակցությամբ, որ գրողները ժողովրդի վիճակով մտահոգվելու փոխարեն զբաղված են վիճաբանություններով: Նա տարակուսանք հայտնեց, որ Հայաստանի Գրողների միությունը բարձրացնում է Հայ գրողների միության գրանցումը անվավեր ճանաչելու հարցը, այն դեպքում, երբ «նրանք իրենց գրչակից ընկերներն են, գրքեր են գրում ու հրապարակում»: Վկան հավաստեց, որ Վրաստանում եւս գործում են գրողների 2-3 միավորումներ, որոնք խաղաղ գոյատեւում են նույն շենքում: Նիստին անհայտ պատճառներով չէր ներկայացել հիմնական պատասխանող կողմը` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը, ուստի դատավոր Ելիզավետա Դանիելյանը հետաձգեց դատական նիստը` պատասխանող կողմի ներկայացուցչի բացակայության պատճառները պարզելու համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play