Հարութ Սասունյան. Հաճախ մտածեք հայրենիքի մասին...


Հարութ Սասունյան. Հաճախ մտածեք հայրենիքի մասին...

  • 27-11-2011 11:02:50   |   |  Հարցազրույցներ

«Լինսի» հիմնադրամը, Քըրք Քըրքորյանը եւ Հարութ Սասունյանը երկար տարիների ընթացքում կարելի է ասել, որ անբաժան են եղել միմյանցից եւ բազմաթիվ հայերի համար Հայաստանի տարածքում բարեգործական գործունեություն են իրականացրել: Քըրք Քըրքորյանը ամերիկահայ միլիարդատեր է, ով հիմնադրեց «Լինսի» հիմնադրամը: ՀՀ կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ առաջին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց 2000 թվականի նոյեմբերի 20-ին: Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի ամբողջ արժեքը կազմում էր մոտ 1 միլիարդ դոլար: «Լինսի» հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանը, ով նաեւ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիրն է, ղեկավարում էր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը Հայաստանում: Հարութ Սասունյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Տաս տարի շարունակ աշխատել է Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ոչ պետական պատգամավոր եւ մեծ դերակատարում ունեցել 1915 թվականին իրագործված հայոց ցեղասպանությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչելու հարցում: Հարութ Սասունյանը Միացյալ հայկական հիմնադրամի, հայ-ամերիկյան բարեգործական եւ կրոնական կազմակերպությունների, հեղինակավոր ընտանիքների խմբավորումների հիմնադիրն ու նախագահն է: Լինելով Արեւմտյան Հայաստանի հարցերով վերլուծաբան, Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերությունների բնագավառի մագիստրոս, Պեպերդինի համալսարանի գործարարության կառավարման մագիստրոս՝ այսօր Հարութ Սասունյանը մեծ ճանաչում ունեցող ազգային, հասարակական եւ քաղաքական գործիչ է եւ մի շարք աշխատանքների հեղինակ: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթում հրատարակվող նրա մշտական հոդվածները մատչելի են ընթերցողների մեծ լսարանի համար: 2005 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ նրա «Հայերի ցեղասպանությունը, Աշխարհը ձայն է բարձրացնում, 1915-2005. փաստատթղթեր եւ հռչակագրեր» խորագրով գիրքը, որը հենց նույն տարում տպագրվեց նաեւ արաբերեն լեզվով Բեյրութում: Հարութ Սասունյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Անանիա Շիրակացու անվան շքանշանով, Ս. Սահակի-Ս. Մեսրոպի, Հայկական Առաքելական Եկեղեցու, Ս. Մեսրոպ Մաշտոցի, Կիլիկիո Մեծի Տանն շքանշաններով: Նա առաջինն էր, ում շնորհվեց Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիության անձնագիրը, իսկ ԱՄՆ-ում Էլիս Այլանդի պատվո շքանշանը, որը տրվում է Ամերիկայի այն քաղաքացիներին, ովքեր նպաստում են էթնիկական խմբերի ինտեգրմանը ամերիկյան կյանքին՝ միաժամանակ պահպանելով նրանց ազգային ինքնությունը: Ազգանվեր, հայրենասեր Հարութ Սասունյանը համաձայնեց պատասխանել «Կամուրջ» ամսագրի հարցերին: Պրն. Սասունյան, մինչեւ հարցազրույցը սկսելը, թույլ տվեք Ձեզ հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը տրամադրած ժամանակի համար: - Պրն. Սասունյան, վերջերս Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկու տարի ժամկետով: Ձեր կարծիքով ի՞նչ ազդեցություն կունենա դա Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների գործրնթացի վրա: Ըստ Ձեզ արդյո՞ք Ադրբեջանը Անվտանգության Խորհրդի օրակարգում կընդգրկի՞ Ղարաբաղյան հարցը: - Ինչպես ներկայացրել էի իմ հոդվածում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ադրբեջանի անդամակցությունը կբարձրացնի այդ երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Այն նաեւ հնարավորություն կտա Ադրբեջանին բարձրացնել Ղարաբաղյան հարցը այստեղ, սակայն դժվար թե հաջողվի նրան այդ հարցը օրակարգի մեջ մտցնել, քանի որ Մինսկի խմբի երեք երկրներն էլ ՄԱԿ-ի այդ խորհրդի անդամ են եւ թույլ չեն տա այդ հարցի արծարծումը Մինսկի շրջանակներից դուրս: - Պրն. Սասունյան, ըստ Ձեզ ինչպե՞ս է պետք ճիշտ կառուցել Հայաստան եւ Սփյուռք համագործակցությունը: - Պետք է մի կողմ դնել անձնական շահերը եւ պաշտպանել մեր համընդհանուր ազգային շահերը: Դժբախտաբար շատ քչերն են դա անում: Հայաստանի եւ սփյուռքի ընտրովի եւ ոչ թե նշանակովի ղեկավարները պետք է խորհրդակցեն միմյանց հետ եւ համադրեն իրենց աշխատանքները հանուն մեր ժողովրդի գերագույն շահերի: - Պրն. Սասունյան, Ձեր հոդվածներից մեկում Դուք մեջբերում եք կատարել իրանացի դիվանագետի խոսքերը. «Հայոց ցեղասպանությունը Դամոկլյան սուր է՝ կախված Թուրքիայի գլխին»: ??????? ????? – ???????? ???, ??????? ??????? ??? ??????? ??????: Վաղ թե ուշ, Թուրքիայի մի իմաստուն ղեկավար վերջապես կհասկանա, որ Հայոց ցեղասպանության ընդունումն ավելի շահավետ է Թուրքիայի համար, քան դրա շարունակական մերժումը»: Ըստ Ձեզ իրադարձությունների ինչպիսի՞ շրջադարձ է հնարավոր: Եվ եթե այն տեղի ունենա, ապա ե՞րբ: - Որպեսզի թուրքերը վերջապես հասկանան, որ ցեղասպանության ժխտումն ավելի թանկ կնստի իրենց վրա, քան դրա ճանաչումը, ապա անհրաժեշտ է ձեռնարկել հետեւյալ քայլերը. ա) ազատամիտ եւ ժողովրդավար թուրք ժողովուրդ, բ) ազատամիտ եւ ժողովրդավար թուրք ղեկավար, գ) հայկական եւ միջազգային այնքան ուժեղ ճնշում, որ ամենատգետ թուրք ղեկավարն էլ հասկանա, որ ցեղասպանությունը ճանաչելով կփրկվեն մի շարք բացասական հետեւանքներից: Իսկ ո՞րն է Թուրքիայի շահը: Միջազգային հանրությունը եւ մամուլը մեծ գնահատանքով կընդունեն Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, ինչը կհեշտացնի Թուրքիայի մուտքը Եվրոպական Միություն: Այդ թուրք ղեկավարը կստանա Նոբելյան խաղաղության մրցանակ, եւ հայերի իրական պահանջները (հողային, կալվածքային եւ նյութական) կանտեսվեն: -Պրն. Սասունյան, ինչու՞մ պետք է արտահայտվի Ֆրանսիայի եւ Ամերիկայի հայերի գործունեության նոր ռազմավարությունը այս կամ այն նախագահի թեկնածուի ընտրության հարցում: Վերջերս Դուք հայտարարեցիք, որ այդ երկրներում բնակվող հայերը պետք է փոխեն իրենց ավանդական, սակայն անհաջող մոտեցումը, այն է՝ աջակցել թեկնածուներին` հավատալով նրանց խոստումներին՝ հուսալով, որ դրանք կարդարացվեն ընտրություններից հետո: - Նախագահի կամ այլ պաշտոնի թեկնածուն պետք է նախ եւ առաջ փաստի իր պաշտպանությունը հայկական հարցի նկատմամբ, եւ հետո հայերը նրան թիկունք կանգնեն եւ ոչ թե խաբվեն նրանց նախընտրական սին խոստումներից: Թող թեկնածուն ընտրվի առանց մեր քվեների եւ եթե ուզում է, որ մենք թիկունք կանգնեն իրեն վերընտրության ժամանակ, ապա պետք է իր առաջին պաշտոնավարման շրջանի ընթացքում հստակեցնի իր դիրքորոշումներն ի նպաստ մեզ եւ միայն դրանից հետո մենք կպաշտպանենք նրա վերընտրությունը: Եթե ոչ, ապա պետք է անընդհատ խաբվենք այս խորամանկ եւ ստախոս քաղաքական գործիչների կողմից: - Պրն. Սասունյան, ինչպե՞ս կմեկնաբանեիք Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան եւ այն որ ժամանելով Հայաստան՝ Սարկոզին իր գլխավոր օգնականներին հայտարարել էր. «Ես պատրաստվում եմ ռումբ պայթեցնել»: Ի՞նչ եք կարծում այդ կապակցությամբ: - Ինչպես գրել էի Սարկոզիի Հայաստան այցի մասին իմ հոդվածում, Սարկոզին խոստացել էր իր նախկին ընտրապայքարի ժամանակ սատարել ցեղասպանության ժխտման պատժելիության օրինագծին, սակայն իր խոստումը չէր կատարել: Հիմա խոստանում է անել այն, ինչ ինքը խոստացել էր՝ տեսնելով, որ իր վերընտրվելու հնարավորությունները շատ քիչ են: Ես ասում եմ, որ ֆրանսիայի հայերը չպետք է երկրորդ անգամ խաբվեն Սարկոզիի խոստումներով: Սարկոզին դեռ նախագահելու է վեց ամիս: Ինքը թող այս վեց ամիսների ընթացքում այդ օրինագիծը քվեարկության դնի եւ անցկացնի Սենատում, եւ Ֆրանսիայի հայերն այնժամ կորոշեն իրեն թիկունք կանգնել, թե ոչ: Սարկոզին ունի շատ ուժեղ հակառակորդ (Ֆրանսուա Հոլլանդ) հաջորդ տարվա նախագահական ընտրություններին: Սարկոզին հիմա դարձել է հայասեր, որովհետեւ վախենում է, որ Ֆրանսիայի հայերը իրենց ձայնը կտան Հոլլանդին: Սակայան Ֆրանսիայի հայերը պետք է զգուշանան նաեւ Հոլլանդից: Թող Հոլլանդը նախ եւ առաջ հայկական օրինագիծր քվեարկության դնի Սենատում, որտեղ իր ղեկավարած սոցիալիստական կուսակցությունը մեծամասնություն է կազմում, հետո Ֆրանսիայի հայերը կկողմնորոշվեն իրենց ձայնը տան Սարկոզիին, թե Հոլլանդին: - Պրն. Սասունյան, Դուք Ձեր ելույթում առաջարկել եք ստեղծել Սփյուռքի յուրօրինակ պառլամենտ, որը կպարտավորվի հանդես գալ համայն սփյուռքի անունից: Որքանով որ հայտնի է, նմանօրինակ պառլամենտը պետք է ունենա խոսնակ, հանձնաժողովներ, ենթահանձնաժողովներ, որոնք կզբաղվեն ամենատարբեր հարցերով՝ քաղաքական, մշակութային, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի հարաբերությունների հետ կապված հարցերով: Այս ոչ պետական մարմինը պետք է ունենա կարեւոր առավելություն, այն ամենայն հավանականությամբ պետք է ճանաչվի ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից: Խնդրում եմ, պատմեք ավելի մանրամասն այդ ծրագրի մասին: Եվ թե ո՞ր փուլում է այն հիմա գտնվում: - Ես իմ հոդվածում նշել էի սփյուռքի ընտրովի կառույցի մասին մանրամասները: Դժբախտաբար, ո ՛չ Հայաստանի եւ ո ՛չ էլ սփյուռքի ղեկավարները չեն ուզում նման ընտրովի կառույց ունենալ՝ վախենալով իրենց զբաղեցրած աթոռներից: Եթե հայ ժողովուրդը հավատում է, որ նման կառույց անհրաժեշտ է մեր ազգի շահերը պաշտպանելու համար, այդժամ թող մեր մամուլը, մեր մտավորականները թիկունք կանգնեն այս կառույցի ստեղծման գաղափարին եւ պնդեն դրա անհրաժեշտությունը՝ սպիպելով, որ մեր ղեկավարներն ընդառաջեն, այլ ոչ թե խոչընդոտեն: Այդպիսի մեծ կառույց մեկ հոգով չի կարելի կազմակերպել: ժողովուրդը պետք է տեր կանգնի իր շահերին եւ իր արդար դատին: - Պրն. Սասունյան, Ձեր՝ «Հայ-թուրքական արձանագրություններ. Ճշմարտությու՞ն, թե խաբեությու՞ն» խորագրով գիրքը թարգմանվել է արաբերեն լեզվով: Այն Ձեր 43 խմբագրականների ժողովածուն է, որոնք վերջին երեք տարիների ընթացքում գրել էիք վիճահարույց արձանագրությունների մասին: Արձանագրությունների դեմ իմ հոդվածների՝ որպես առանձին հատորի արաբերենի թարգմանությունը միտված է ցույց տալու արաբական աշխարհին, որ չի կարելի վստահել թուրք ղեկավարների կեղծ խոստումներին, թե իրենք արաբ ժողովրդի եւ նամանավանդ պաղեստինցիների շահերն են պաշտպանում: Թուրքերի խոսքերը կեղծիքներ են, ինչպես ցույց է տալիս հայ–թուրքական արձանագրույթունների մասին իրենց խոստումները եւ նույնիսկ իրենց արտաքին գործերի նախարարի ստորագրությունը: - Պրն. Սասունյան, ինչպե՞ս է ներկայումս իրականացվում առաջին համաշխարհային պատերազմի սկզբին եւ ավարտին Թուրքիայի իշխանությունների կողմից հարյուր հազարարավոր սեփական կալվածքների կամ հայերից առգրավված այլ ունեցվածքի փոխհատուցման գործը: Ի՞նչ չի բավականացնում հայերին այդ ուղղությամբ աշխատանքներին ընթացք տալու համար: -Ներկայումս բազմաթիվ դատավարություններ են իրականացվում ամերիկյան դատարաններում Թուրքիայից հայկական կալվածքները հետ ստանալու համար: Սակայն ես բավարարված չեմ, որովհետեւ այս դատերը բացվել են անհատ պաշտպանների միջոցով եւ չեն համադրվել ո՛չ սփյուքի մի օրինական կառույցի կողմից եւ ո՛չ էլ Հայաստանի կառավարության կողմից: Առանց համադրելու մեր ջանքերը, մենք կարող են կորցնել այս դատերը եւ ավելի ամոթալի վիճակի մեջ կհայտնվենք՝ թուրքերին տալով մի նոր հաղթանակ եւ մեծ հարված մեր դատին: - Պրն. Սասունյան, շատ կցանկայի Ձեզ հետ խոսել «Լինսի» բարեգործական հիմնադրամի գործունեության մասին: Մեր ընթերցողներին ծանոթացնելու համար նշենք, որ «Լինսի» հիմնադրամի օգնությամբ ամբողջությամբ վերանորոգվել է Երեւան-Իջեւան-Նոյեմբերյան-Այրում ավտոճանապարհը: Արմատապես վերականգնվել են ավտոճանապարհները 189 կմ երկարությամբ. Երեւանից Սեւան (63 կմ.), Սեւանից Դիլիջան (21 կմ), Դիլիջանից Իջեւան (47 կմ.), Իջեւանից Այրում (58 կմ): Ամբողջությամբ վերանորոգված է Երեւան Վանաձոր մայրուղին: Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագիրը թույլ տվեց վերականգնել հանրապետության բոլոր կարեւորագույն մշակութային կենտրոնները. տասներեք թատրոն եւ համերգային սրահներ, յոթ թանգարաններ եւ ցուցասրահ, ինը տուն-թանգարան, չորս պատմամշակութային համալիր, այդ թվում՝ Համահայկական մանկապատանեկան սպորտային ճամբարը Ծաղկաձորում: Խնդրում եմ, պատմեք, ինչ այլ աշխատանքներ են իրականացվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով: - «Լինսի» հիմնադրամը Հայաստանում իրականացրել է 240 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարեգործական աշխատանքներ, որոնք դուք նշեցիք: Սակայն մոռացաք նշել 16 դպրոցները, որոնք Լինսը կառուցել կամ վերակառուցել է Հայաստանի տարբեր մարզերում: Վերջերս ավարտվել է աղետի գոտում 6 դպրոցների կառուցումը: Ինչպես նաեւ Արցախում կառուցվել են 2 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ մի դպրոց: - Պրն. Սասունյան, այս տարվա փետրվարին Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր Ջեն Բլոկը եւ «Լինսի» հիմնադրամի հիմնադիր Քըրք Քըրքորյանը հայտարարեցին «Լինսի» գործունեության դադարեցման եւ Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) «Երազանք» հիմնադրամի ստեղծման մասին: Ինչպես հայտարարվել է ԶԼՄ-ով այդ համայնքային հիմնադրամը պետք է օգնություն ցուցաբերի բժշկական հետազոտություններ իրականացնելուն եւ Կալիֆորնիայի համալսարանում կրթական ծրագրերին, ինչպես նաեւ համագործակցի բարեգործական ծրագրերին ԱՄՆ-ի տարածքում: Ինպես նշվեց «Լինսը» կհանձնի «Երազանք» հիմնադրամին իր բոլոր ակտիվները 200 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի սահմաններում: Բոլոր տեսակի ձեւականություններն ավարտելուց հետո «Լինսի» հիմնադրամը կդադարեցնի իր գործունեությունը: Ինչպե՞ս են այժմ ձեւավորվում աշխատանքները «Լինսի» եւ «Երազանք» հիմնադրամի միջեւ: - Դժբախտաբար Լինսի հիմնադրամը այս տարվա փետրվարին փակեց իր դռները բարերար պարոն Քըրքորյանի որոշմամբ: Ինքը վաղուց որոշել էր, որ իր ծերության տարիներին (94) փակի այս հիմնադրամը: Այդպես էլ արեց: Այստեղ չպետք է փնտրել որեւէ այլ շարժառիթ: Ինքը ոչ մեկից եւ ոչինչից չի նեղացել: Մենք, բոլորս էլ շնորհակալ պետք է լինենք երկար տարիների ընթացքում նրա առատաձեռնության համար եւ հուսանք, որ ապագայում էլ կօգնի Հայաստանին եւ հայությանը: - Պրն. Սասունյան, ի՞նչ կմաղթեիք ռուսաստանաբնակ հայերին եւ ի՞նչ է նրանց պակասում: -Մաղթում եմ Ռուսաստանի մեծ եւ հզոր հայկական համայնքին կառչած մնալ իր ազգային արմատներին, մշակույթին, լեզվին, կրոնին եւ իր երիտասարդ սերնդին մոտ պահի հայությանը եւ Հայաստանին: Պետք է առնչվել այն ամենի հետ, ինչը որ հայկական է եւ հաճախ այցելել Հայաստան, որպեսզի մայր հայրենիքի հետ կապը միշտ ամուր մնա: - Պրն.Սասունյան, հայտնում եմ խորին երախտագիտությունս հարցազրույցի համար: Ցանկանում եմ Ձեզ հաջողություն հանուն հայրենիքի համար արվող Ձեր բոլոր գործերում: Հարցազրույցն անցկացրեց Լիանա Զախարյանը «Կամուրջ» ամսագրի գլխավոր խմբագիր
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play