ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի ուղերձը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի ուղերձը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ

  • 30-11-2011 20:30:46   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 1, 2011 Ոտք դնելով ՁԻԱՀ-ի տարածման չորրորդ տասնամյակ, մենք վերջապես հասել ենք մի կետի, երբ կարող ենք վերջ տալ այս համաճարակին: Մինչ օրս գրանցված մեր առաջընթացն ապացույցն է այն բանի, որ մենք ի վիճակի ենք կյանքի կոչել մեր տեսլականը, այն է՝ ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի զրոյական մակարդակ, զրոյական խտրականություն եւ ՁԻԱՀ-ով պայմանավորված մահերի զրոյական քանակ: ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի քանակը 1997 թվականից ի վեր կրճատվել է ավելի քան 20 տոկոսով: Վարակման նոր դեպքերի քանակը շարունակում է նվազել աշխարհի շատ մասերում: Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած հատվածում՝ ՁԻԱՀ համաճարակի ամենամեծ տարածումն ունեցող տարածաշրջանում, ՄԻԱՎ վարակի հիվանդացության մակարդակը նվազել է 22 երկրներում: Բնակչությանառավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում համաճարակը «տեղատվություն» է ապրում: ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծառայությունների հասանելիությունը երիտասարդներին, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրողներին եւ նրանց հաճախորդներին, թմրամիջոցների ներարկային օգտագործողներին, տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց եւ տրանսգենդերներինօգնում է ստանձնել սեփական առողջության վերահսկումը՝ հանուն իրենց բարօրության: Բուժումը 1985 թվականից ի վեր կանխել է ՁԻԱՀ-ով պայմանավորված 2.5 միլիոն մահ: Միայն անցյալ տարի 700 000 կյանք է փրկվել: Ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում բնակվող եւ բուժման կարիք ունեցող անձանց գրեթե կեսը՝ մոտ 6.6 միլիոն մարդ, այժմ բուժում է ստանում: ՄԻԱՎ վարակի կանխարգելման եւ բուժման միջեւ դրական փոխազդեցությունները (սիներգիաները) արագացնում են գործընթացը: Սակայն ՁԻԱՀ-ին վերջ տալու համար անհրաժեշտ է, որ մենք ապահովենք նույնիսկ ավելի մեծ արդյունքներ: Այս տարվա հունիսին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բարձր մակարդակի հանդիպման ընթացքում 2015 թվականի համար ընդունվեցին համարձակ թիրախներ. կիսով չափ կրճատել ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով, վերացնել երեխաների վարակման դեպքերը, բուժում ապահովել ՄԻԱՎ-ով ապրող 15 միլիոն անձանց համար, վերջ տալ խարանին ու խտրականությանը, փակել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ֆինանսավորման բացը: Ուժեղ քաղաքական կամքի, խելամիտ ֆինանսական միջոցների առկայությամբ եւ մարդու իրավունքների հիման վրա որդեգրած հաստատակամ մոտեցմամբ մենք ի վիճակի ենք հասնել նշված բոլոր թիրախներին: Հաջողության հասնելու հարցում ֆինանսավորումն ունենալու է վճռորոշ նշանակություն: Այս խնդրին առնչություն ունեցող բոլոր կողմերին կոչ եմ անում գործնական քայլերի դիմել ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից առաջ քաշված ֆինանսավորման ծրագրի շրջանակներում եւ ամբողջությամբ ապահովել ներդրումների համաշխարհային նպատակային ցուցանիշի ֆինանսավորումը՝ տարեկան 24 միլիարդ դոլար: Արդյունքը կփոխհատուցի կարճաժամկետ ծախսերը մեկ սերնդի կյանքից էլ պակաս ժամանակահատվածում: Մենք պարտավոր ենք հենվել այն քաղաքական հանձնառությունների, ներդրումների, էներգիայի, ակտիվիզմի եւ նպատակասլացության վրա, որոնք մեզ հասցրել են այս շրջադարձային կետին: Շարժման ընթացքը նպաստավոր է: Եկեք օգտագործենք այն՝ մեկընդմի՛շտ վերջ տալու համար ՁԻԱՀ-ին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն