Ադնան Մանսուր. Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա


Ադնան Մանսուր. Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

  • 09-12-2011 20:22:14   | Հայաստան  |  Քաղաքական

Դեկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Երեւան ժամանած Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների հարցերով նախարար Ադնան Մանսուրի հետ: Ողջունելով լիբանանցի գործընկերոջը` Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Լիբանանի նախագահի պաշտոնական այցելությունը Հայաստան առավել կամրապնդի բարեկամության դարավոր ավանդույթների վրա հիմնված հայ- լիբանանյան հարաբերությունները: «Լիբանանի նկատմամբ հատուկ ջերմ զգացմունքներ եմ տածում, քանի որ դիվանագիտական գործունեությունս սկսել եմ շուրջ 35 տարի առաջ հենց Բեյրութում եւ ձեր երկրում ունեմ շատ բարեկամներ», - ասաց նախարար Նալբանդյանը: Նախարար Մանսուրը իր հերթին նշեց, որ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության առավել ընդլայնմամբ: Նախարարները երկու երկրների ղեկավարների հանձնարարությամբ քննարկեցին փոխայցելությունների եւ շփումների պարբերական կազմակերպման, երկկողմ համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս առումով երկուստեք ընդգծվեց, որ անհրաժեշտ է քաղաքական հարաբերությունների առկա բարձր մակարդակը լրացնել տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմամբ եւ նշվեց, որ այսօր ստորագրված երկկողմ փաստաթղթերը լուրջ խթան կհանդիսանան այդ ուղղությամբ: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության, պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման մասին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ, մասնավորապես` արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների, մերձավորարեւելյան կարգավորման եւ արցախյան հիմնահարցի վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play