ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը


ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը

  • 13-12-2011 12:29:12   |   |  Քաղաքական
ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է. «Վիլնյուսում, ԵԱՀԿ Նախարարական խորհրդի հանդիպման կապակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները`Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Ժան Լեոնետտին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ու Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու կարեւորությունը: Վկայակոչելով 2008թ. նոյեմբերի Մոսկովյան հռչակագիրը, ինչպես նաեւ իրենց երկրների հայտարարություններն` արված Հելսինկիում (2008թ.) եւ Աթենքում (2009թ.) ԵԱՀԿ Նախարարական խորհրդի հանդիպումների ժամանակ եւ Աստանայում` ԵԱՀԿ գագաթաժողովում(2010թ.), հինգ պատվիրակությունների ղեկավարները համաձայնության եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը շարունակելու եւ խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջըթնաց գրանցելու նպատակով մթնոլորտը բարելավելու անհրաժեշտության շուրջ: Որպես դրան միտված քայլ, նրանք համաձայնեցին, որ պետք է հետագա ջանքեր գործադրվեն հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի մանրամասների մշակման ուղղությամբ, որը բխում է 2011թ. մարտի 5-ին Սոչիում Նախագահներ Ալիեւի, Սարգսյանի եւ Մեդվեդեւի ընդունած համատեղ հայտարարությունից: Ընդգծելով 2011թ. մայիսի 26-ին Դովիլում իրենց նախագահների կողմից արված հայտարարությունը, որը կոչ էր անում Հայաստանին եւ Ադրբեջանին վերջնականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ափսոսանք են հայտնում, որ կողմերն անկարող եղան կատարելու այդ վճռական քայլը: Երեք պատվիրակությունների ղեկավարները վերահաստատեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ որ Միավորված ազգերի կանոնադրությունը, Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները, իրենց նախագահների` 2009թ. հուլիսին լ’Աքվիլայի եւ 2010թ. հունիսին Մուսկոկայի արված համատեղ հայտարարություններում նշված տարրերն բոլոր կողմերին նախանշում են անընդունելի ստատուս քվոյի շրջանակներից դուրս գալու ուղին` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: 2007թ. Մադրիդի ԵԱՀԿ ԱԳ Նախարարների խորհրդի հանդիպումից ի վեր, ինտենսիվ` այդ թվում ամենաբարձր մակարդակով կայացած բանակցությունների լույսի ներքո, երեք պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում կողմերին հետագա ուշադիր քննության առնել համանախագահ երկրների կողմից իրենց ներկայացված առաջարկությունները: Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներն իրենց գոհունակությունը հայտնեցին համանախագահ երկրների ջանքերի, այդ թվում` Նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի անձնական ներգրավվածության համար` միտված օժանդակելու իրենց երկրներին` հասնելու համապարփակ խաղաղ կարգավորման շրջանակի: Նրանք տեղեկացրել են համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներին, որ իրենց նախագահները պատրաստ են մոտ ապագայում վերստին հանդիպելու համանախագահ երկրների հովանու ներքո` ուղիղ երկխոսությունը շարունակելու համար` հիմնվելով իրենց ժողովուրդներին խաղաղության, կայունության եւ բարգավաճման ճանապարհով տանելուն ուղղված վերջին շրջանի փորձառության վրա»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play