Ազդարարվեց «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի մեկնարկը


Ազդարարվեց «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի մեկնարկը

  • 25-05-2011 18:23:12   | Հայաստան  |  Մշակույթ
Մայիսի 25-ին ՀՀ Մշակույթի նախարարությունում կայացավ «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիս: Բանախոսներն էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ոսկե Ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Որպես հասարակության մաս եւ կորպորատիվ պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է «Ոսկե Ծիրան» փառատոնի կազմակերպման գործում իր աջակցությունն ունենալու համար: Անհրաժեշտ է սատարել միջազգային ասպարեզում մեր երկրի վարկանիշը բարձրացնող նախաձեռնությունները: Այդ տրամաբանությամբ, արդեն վեցերորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս փառատոնի կողքին է: Մենք բարձր ենք գնահատում «Ոսկե ծիրան» փառատոնի դերը` մեր երկրում մշակութային երկխոսության եւ կրթական միջավայր ստեղծելու հարցում: Այս կերպ աշխարհը մոտենում է Հայաստանին, Հայաստանը` աշխարհին», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ասուլիսում ներկայացվել են փառատոնի այս տարվա ծրագրերը: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս փառատոնի մրցութային ծրագրերը ներառել են խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր: Այդ թվում` վերջին 2 տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ստեղծված լավագույն ֆիլմերի ընտրանին: Նախատեսված է Հայաստանում եւ արտերկրում հայազգի կինոգործիչների կողմից ստեղծված լավագույն ֆիլմերը նեկայացնող հայկական համայնապատկեր մրցութային ծրագիր: 8-րդ փառատոնին ավելացել է մրցութային եւս մեկ ծրագիր` կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի «Կորիզ» միջազգային մրցույթը: Այս խորագրի ներքո, «Ոսկե ծիրանը» երիտասարդներին հնարավորություն է տալու իրենց ծրագիրն իրականացնել ինքնուրույն. ձեւակերպել պահանջները, ֆիլմերի ընտրության սկզբունքները, ինչպես նաեւ` կատարել ֆիլմերի ընտրությունը: «Կորիզ»-ում ներկայացվող ֆիլմերի միջոցով կազմակերպիչ-երիտասարդները կփորձեն հասկանալ այսօր ստեղծվող վաղվա կինոյի տեսակը` իր ժանրային առանձնահատկություններով: Փառատոնի նոր ծրագրերից է նաեւ Կինոդպրոցների ծրագիրը, որի շրջանակներում այս տարի կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսական կինոյի պետական ինստիտուտի ուսանողական ֆիլմերը: Հատուկ ծրագրերի շարքում են ԱՊՀ ստեղծման 20-ամյակին նվիրված արտամրցութային ծրագիրը` «ԱՊՀ երկրների կինոն» խորագրով, Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված` իտալական դասական եւ ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված ծրագիրը, որտեղ ընդգրկված կլինեն օտարերկրյա կինոգործիչների կողմից նկարահանված ֆիլմեր` Հայաստանի եւ հայերի մասին: Նախատեսված են նաեւ անկախության տարիներին նկարահանված հայկական վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ: «Ոսկե ծիրան» րեւանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում նախատեսված է է նաեւ հոբելյանական միջոցառումների շարք` նվիրված հայազգի ակնառու կինոգործիչներ Ռոման Բալայանին, Էդմոնդ Քյոսայանին եւ Դմիտրի Կեսայանցին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play