Զարգացման հայկական գործակալությունն ընդունել է Հոնկոնգի գործարար եւ ընկերությունների համաշխարհային խմբի նախագահ Ջոնի Հոնին
16-12-2011 22:04:12 | Հայաստան | Տնտեսություն
Դեկտեմբերի 15-17-ը Հայաստանում է գտնվում Հոնկոնգի գործարար եւ ընկերությունների համաշխարհային խմբի (The Global Group companies) նախագահ Ջոնի Հոնը: Ըստ Զարգացման հայկական գործակալության Հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, Ջոնի Հոնին ուղեկցում են Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը եւ Ընկերությունների համաշխարհային խմբի փոխնախագահ Քիթ Բենեթը: Պատվիրակությունը ցանկություն էր հայտնել ծանոթանալու ՀՀ ներդրումային դաշտին եւ Հայաստանի տնտեսության հետեւյալ ոլորտներին` հանքարդյունաբերություն, բանկային եւ հեռահաղորդակցություն:
Այս առիթով Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր գործարար հանդիպում, որտեղ պատվիրակությանը առիթ էր ընձեռվել հանդիպել համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը, Էներգետիկայի եւ Բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը, Ընդերքի տրամադրման գործակալության պետ Կորյուն Հակոբյանը եւ Օրանժ Արմենիայի մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Կողմերը քննարկել են ոլորտների ներդրումային հնարավորությունները եւ գիտահետազոտական համատեղ ծրագրերը: Ներկայացվել են Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն եւ հյուրերին տրամադրվել են Հայաստանի տնտեսական ոլորտների վերաբերյալ տեղեկատվական փաթեթներ: