Արա Պապյան.Ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին


Արա Պապյան.Ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին

  • 25-12-2011 10:02:53   | Հայաստան  |  Վերլուծություն
Իմ երիտասարդության տարիներին մի խոսք կար` դանիական կուտ ուտել, այսինքն կամավորապես ստանձնել ուրիշի համար ձեռնատու դիրքորոշում: Ճիշտն ասած, առ այսօր չգիտեմ ինչո՞ւ էր կոչվում հատկապես դանիական: Բայց, որ այսօր որոշ մարդիկ կերել են թուրքական կուտը դա ակնհայտ է: Իսկ ի՞նչ է թուրքական կուտը` դա ես արդեն գիտեմ, քանի որ Ֆրանսիայի Ազգային ժողովի վերջին քննարկումների առիթով ոմանք, մինչեւիսկ հայեր, գրում էին եւ են, որ ցեղասպանությունների հանրային ժխտման քրեականացումը սխալ է, քանզի սահմանափակում է ազատ խոսքը, ինքնուրույն կարծիք ունենալու իրավունքը: Այդ ո՞ր օրվանից հանցագործության պաշտպանությունը դարձավ “խոսքի ազատություն” կամ “կարծիք ունենալ”: Գնացեք, օրինակ, Կանադա եւ հանրայնորոեն “կարծիք արտահայտեք” որ, օրինակ, սեւամորթները կամ հայերը փնթի են կամ ալարկոտ: Գիտեք չէ՞ ձեզ ինչ կանեն` “ատելություն հրահրելու” (hate speech) համար` դուք կհայտնվեք բանտում կամ կկրեք այլ պատիժ: Գերմանիայում ասեք, որ Հիտլերը իր պատճառներն ուներ հրեաներին կոտորելու համար: Մի ժխտեք Հոլոքոստը, այլ պարզապես փորձեք որոշակի արդարացում-հիմնավորում բերել դրա համար: Հետեւանքները կարծում եմ ինձանից լավ գիտեք: Բա ու՞ր մնաց “խոսքի ազատությունը”: Թե՞ որոշ մարդիկ կարծում են, որ հայերս ավելի ժողովրդավոր ենք, քան կանադացիք կամ գերմանացիք: Ընթացիկ երեւույթները հասկանալու համար անհարաժեշտ է ընդգծել մի շարք կարեւոր հանգամանքներ` ցեղասպանությունը, այդ թվում եւ հատկապես հայերի, զուտ պատմական անցք չէ, անցյալի իրադարձություն: Այն ծանրագույն հանցագործություն է, ինչպես բնութագրում են իրավագետները` “հանցագործությունների հանացագործությունը” (crime of the crimes), քանզի այն իր մեջ պարունակում է մի շարք ծանրագույն հանցագործություններ` սպանություն, բռնաբարություն, մանկապղծություն, ստրկավաճառություն, մարդուն ապօրինի ազատությունից զրկում, ուրիշի ունեցվածքի յուրացում կամ փչացում, մշակութային արժեքների ոչնչացում կամ յուրացում եւ այլն: Ըստ էության, այս հանցագործությունն իր մեջ ներառում է քրեական ողջ օրենսգիրքը: Հետեւաբար, ցեղասպանության հանրայնորեն ժխտումը հանցագործությունն արդարացնելու փորձ է, ըստ էության հանցագործության խրախուսում է, իսկ դա արդեն ոչ միայն հանցակցություն, այլեւ հանցագործություն: Կրկնում եմ, ցեղասպանությունը պատմական երեւույթ չէ, որի մասին լինեն տարբեր կարծիքներ, այն հանցագործություն է, իսկ հանցագործությունն ունի միայն մեկ վերաբերմունք` դա պատիժն է, իսկ պատժի կիրառման անհնարինության դեպքում` դատապարտումը, որոնց նպատակներից է հանցագործության կանխարգելումը: Ոչինչ չի խրախուսում ոճրագործին եւ դրում նրան նույն արարքը կրկնելու, որքան անպատիժ մնացած հանցագործությունը: Ես վերը գրել էի “ցեղասպանությունը, այդ թվում եւ հատկապես հայերի, զուտ պատմական անցք չէ, անցյալի իրադարձություն:” Ինչո՞ւ “հատկապես հայերի”: Շատ պարզ պատճառով, որովհետեւ հայերի ցեղասպանությունը միակ ցեղասպանությունն է, որը դեռ շարունակվում է, քանի որ սույն հանցագործության հետեւանքներն ունեն շարունակական բնույթ: Բացատրեմ միտքս` բոլոր նախորդ ցեղասպանության մեղավորները այս կամ այն կերպ պատժվել են, զոհերը մասնակի կամ ամբողջական հատուցումներ են ստացել եւ դեռ ստանում են, այսինքն ցեղասպանության հետեւանքները որոշակիորեն հաղթահարվել են: Հայերի ցեղասպանությունը միակն է, երբ ոչ միայն հանցագործները միջազգայնորեն պատժված կամ գոնե դատապարտված չեն (հայերի կողմից իրականացված արդարահատույց գործողությունները չեն կարող դիտարկվել որպես միջազգային), այլեւ ցեղասպանությունն ընթացքի մեջ է, քանի որ շարունակվում են ցեղասպանության հետեւանքները: Հայաստանն այսօր շրջափակելի է դարձել ցեղասպանություն պատճառով, Հայաստանի Հանրապետությունը ցեղասպանության հետեւանքով է կորցրել իր տարածքների զգալի մասը` հետեւաբար կորցրել է զարգացման համար այդքան անհրաժեշտ ելքը դեպի ծով եւ կենսատարածքը, ինչպես նաեւ դարձել է ռազմականապես շատ ավելի խոցելի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասն այսօր վատ է ապրում: Դրա համար կան բազում պատճառներ` այդ թվում բազմաթիվ ներքին: Բայց էական են, եթե ոչ վճռորոշ, արտաքին պատճառները: Իսկ արտաքին պատճառներից կարեւորագույնը հայոց ցեղասպանության մնայուն հետեւանքներն են: Հետեւաբար, քանի դեռ ցեղասպանության հետեւանքները վերացված չեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կարող ունենալ ապահով եւ բարկեցիկ կյանք: Իհարկե լավ կառավարման միջոցով կարելի է հասնել որոշակի բարելավման, սակայն դա կլինի խիստ սահմանափակ, անկայուն եւ խոցելի: Մնացած տարաբնույթ խոսակցությունները կամ իշխանության գալու խաբեպատիր քարոզ են կամ ազնիվ ինքնախաբեություն: Երկրի հզորությունը, հետեւաբար քաղաքացիների բարեկեցությունը, խիստ նյութական հասկացությունը է եւ այն խարսխվում է նույնքան նյութական հասկացությունների վրա: Իհարկե կառավարման ձեւը հույժ կարեւոր է, անգամ ունի առօրյա նշանակություն` առանց որի հնարավոր չէ բնականաոն կյանքը: Այն նման է թթխմորի` առանց որի չես կարող որակյալ հանապազօրյա հացդ ունենալ: Սակայն եթե չունես ցորեն կամ այն հողը, որի վրա պիտի աճեցնես ցորենը` թթխմորը դառնում է արագ փչացող ճոխություն: Պետք է հասկանալ, որ հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը կամ ժխտման քրեականացումը Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացմանը նպատակաուղղած քայլեր են: Առավել եւս տվյալ պարագային, երբ Ֆրանսիայում առաջին անգամ փորձ է արվում Հայոց ցեղասպանությունը դնել Հոլոքոստի հետ նույն հարթության վրա` այդտեղից բխող բոլոր իրավական հետեւանաքներով: Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 22 դեկտեմբերի 2011թ.
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play