Գեղասահքի աշխարհի առաջնության անցկացումը հետաձգվել է
14-03-2011 17:18:59 | Շվեյցարիա | Սպորտ
Մարտի 14-ին Չմշկավազքի միջազգային միությունը (ISU) որոշել է հետաձգել մարտի 21-27-ին Տոկիոյում նախատեսված Գեղասահքի աշխարհի առաջնության անցկացումը` Ճապոնիայում «շարունակվող կրիտիկական զարգացումների» պատճառով: Նույնը վերաբերում է նաեւ Յոկոհամայում (Ճապոնիա) ապրիլի 14-17-ին նախատեսված Չմշկավազքի աշխարհի թիմային առաջնությանը:
Ինչպես նշվում է Լոզանում (Շվեյցարիա) տեղակայված միության նախագահի եւ գլխավոր տնօրենի տարածած հայտարարության մեջ, որոշումն ընդունվել է տարբեր երկրների ֆեդերացիաների հետ քննարկման եւ Ճապոնիայի ֆեդերացիայի հետ համաձայնեցնելու արդյունքում: Հաշվի է առնվել այն փաստը, որ շատ երկրների կառավարություններ խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին, մինչեւ իրավիճակի կայունացումը, զերծ մնալ Ճապոնիա այցելելուց:
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, վերոհիշյալ մրցումների անցկացման նոր ժամկետների մասին կհայտարարվի այն բանից հետո, երբ Ճապոնիայի իշխանությունները կհաստատեն,
որ իրավիճակը կայունացել է եւ վերահսկելի է: