Այթեն Ֆարհադովա. «Ադրբեջան. արյան քաղցկեղի բուժումը ոչ պատշաճ մակարդակի վրա է»


Այթեն Ֆարհադովա. «Ադրբեջան. արյան քաղցկեղի բուժումը ոչ պատշաճ մակարդակի վրա է»

  • 23-01-2012 18:52:55   | Ադրբեջան  |  Վերլուծություն

Արյան քաղցկեղով տառապող երեխաների ծնողները դժգոհում են, որ ստիպված են սեփական միջոցներով գնել թանկարժեք դեղերը, որոնք պետք է անվճար լինեն: Այթեն Ֆարհադովա, Կովկաս Կովկասյան լրատու # 626 20-ը հունվարի, 2012թ. Լեյկոզով` արյան քաղցկեղով, կամ սպիտակարյունությամբ տառապող երեխաների ծնողները բողոքում են, որ ստիպված են սեփական միջոցներով վճարել դեղորայքի համար, չնայած կառավարության`քաղցկեղի բուժման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու վերաբերյալ խոստումներին: Ծնողներից մեկը`14-ամյա տղայի մայրը, ով հրաժարվեց ներկայանալ, ասում է, որ 600 մանաթ (շուրջ 750 դոլար) է ծախսել դեղորայքի վրա, երբ որդին արյան քաղցկեղի 9-օրյա բուժում է ստացել Հեմատոլոգիայի եւ արյան փոխներարկման ինստիտուտում: «Ի՞նչ կարող եմ անել: Ինչպե՞ս վարվել: Տանը եղած բոլոր թանկարժեք իրերն արդեն վաճառել եմ: Այլեւս վաճառելու ոչինչ չունեմ: Պարզապես չգիտեմ, թե որտեղից եմ գումար հայթայթելու երեխայիս հետագա բուժման համար», - դժգոհում է նա: Ադրբեջանի հեմատոլոգիայի ինստիտուտում ներկայում արյան քաղցկեղով տառապող 160 երեխա է գրանված: Այս երեխաների ծնողների աջակցությամբ զբաղվող ակտիվիստները նշում են, որ դեղորայքի ծախսերը հոգալու համար հատկացվող պետական միջոցները հասցեատերերին չեն հասնում: «Սիրտդ կտոր-կտոր է լինում, երբ խոսում ես ծնողների հետ: Նրանք համարյա երբեք անվճար դեղամիջոցներ չեն ստանում եւ ստիպված են գնել դրանք: Իսկ այս հիվանդությունը թանկարժեք բուժում է պահանջում», - ասում է Արյան քաղցկեղի դեմ պայքարի քաղաքացիական միության ղեկավար Մեհրիբան Բագիրովան: Բագիրովայի խոսքերը հաստատեցին IWPR-ի թղթակցի հետ զրուցած բոլոր ծնողները: «Իմ 4 տարեկան որդու բուժումը կախված է մեկ դեղից, որը շատ թանկ է: Այս դեղը վաճառվում է ընդամենը երեք դեղատներում, որոնցից յուրաքանչյուրը տարբեր սակագներով է վաճառում այն, այդ պատճառով, դեղի արժեքը տատանվում է 50-70 մանաթի միջեւ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որդուս ամեն շաբաթ անհրաժեշտ է այս դեղը, ստացվում է, որ մենք պարզապես չենք կարող այն մեզ թույլ տալ», - ասում է Շամքիր քաղաքի բնակչուհի Գյունայ Ալիեւան: Կառավարական պաշտոնյաների խոսքերով` պետությունն ամբողջությամբ հոգում է քաղցկեղի բուժման ծախսերը. 2010-ին այդ նպատակով Ադրբեջանի պետական բյուջեից 11 միլիոն մանաթ է հատկացվել, իսկ 2011-ին`14 միլիոն: «Քաղցկեղի բուժումը հոգում է պետությունը: Այս նպատակով ամեն տարի բյուջեից միջոցներ են հատկացվում: Եթե որեւէ բժիշկ կամ պաշտոնյա գումար է պահանջում ծնողներից, ապա նրանք պետք է բողոք ներկայացնեն նախարարություն: Յուրաքանչյուր այսպիսի բողոք քննության է առնվելու», - նշում է Ադրբեջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Ինչ վերաբերում է ստացած բողոքների քանակին, ըստ նախարարության խոսնակի` «դրանց թիվը մեծ չէ»: Մինչեւ 2009 թվականը, արյան քաղցկեղով տառապող երեխաները բուժում էին ստանում Ադրբեջանի մանկական կլինիկական 1-ին հիվանդանոցում, սակայն այս կառույցը փակվեց վերանորոգման նպատակով, որից հետո փոքրիկ հիվանդներին տեղափոխեցին Հեմատոլոգիայի ինստիտուտ: Այստեղ բավականաչափ տեղ չկա, իսկ բժշկական անձնակազմը խոստովանում է, որ պայմանները նույնպես կատարյալ չեն: «Բավարար տեղերի բացակայության պայմաններում, մենք ստիպված ենք լեյկոզով տառապողներին այլ հիվանդների հետ պահել, իսկ սա վնասակար է նրանց առողջության համար, քանի որ ցանկացած վարակ կարող է բարդացնել նրանց առողջական վիճակը: Ընդամենը երեք հիվանդասենյակ կա, որտեղ ինը մահճակալներ են տեղադրված: Հիվանդասենյակներում ջուր չկա, դրանք փոքր են, մութ եւ իհարկե, վատ են օդափոխվում», - ասում է Հեմատոլոգիայի ինստիտուտի գլխավոր բժիշկ Գյուլնարա Հաջիեւան: Ինստիտուտի ավագ գիտաշխատող Միր Էլդար Բաբաեւը նույնպես խոստովանում է, որ կառույցին արյան քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ առանձին բաժանմունք է հարկավոր: Հաշմանդամների խնդիրներով զբաղվող միության ղեկավար Սոլմազ Ազիզովան նշում է, որ Ադրբեջանում արյան քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատություններ չեն կատարվում: Ազիզովայի խոսքերով` բժշկական անձնակազմը, փոխպատվաստման վիրահատությունների բաժանմունք ստեղծելու փոխարեն, նախընտրում է մրցել քաղցկեղի դեղորայքի համար հատկացված միջոցներից բաժին ստանալու համար: «Մեր միությունն արյան քաղցկեղով տառապող երեխաների ընտանիքների աջակցության ծրագիր է իրականացնում: Մենք գումար ենք հավաքում, դեղորայք գնում եւ բաժանում նրանց: Բայց մենք այս ամենն անում ենք միայն այն դեպքում, երբ երեխաները տանն են լինում: Սակայն երբ նրանք հիվանդանոցում են լինում`բժիշկների վերահսկողության տակ, մենք իրավունք չունենք միջամտելու», - ասում է նա: Ազիզովայի խոսքերով` փոփոխություններ դեպի լավը, այնուամենայնիվ, կան: «Նախանցյալ տարի մեր խնամքի տակ գտնվող 42 հիվանդ երեխա կորցրեցինք, մինչդեռ անցյալ տարի 68 երեխաներից միայն 6-ը մահացան: Մենք մեծ հույսեր ունենք, որ միջոցների ավելացման պարագայում կկարողանանք օգնության կարիք ունեցող ավելի շատ երեխաների աջակցել եւ ոչ ոքի չկորցնել»: Այթեն Ֆարհադովան www.var.az կայքի լրագրող է Ադրբեջանում:
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play