Ամփոփվել են «WebԾիրան» համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները


Ամփոփվել են «WebԾիրան» համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները

  • 27-01-2012 16:56:20   | Հայաստան  |  Մշակույթ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ «WebԾիրան» համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքներն ամփոփվել են: Մասնագիտական ժյուրիի (Արա Խանջյան, կինոգետ Սիրանույշ Գալստյան, լրագրողներ` Գոհար Հակոբյան, Կարինե Ռաֆայելյան: Ժյուրիի նախագահ՝ կինոգետ Միքայել Ստամբոլցյան) որոշմամբ մրցանակների են արժանացել հետեւյալ ֆիլմերը. գլխավոր մրցանակը նվաճեց (1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ) «Աշնան արեւ» ֆիլմը (ռեժ. Դիանա Կարդումյան): Հատուկ մրցանակը տրվեց (500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ) «Հատվող ճակատագրերի հանգրվանը» ֆիլմին (ռեժ. Արսեն Այրապետյան): Խրախուսական մրցանակներ են ստացել «Թեթեւ հպում» (ռեժ. Նարե Մկրտչյան), «Նախշոյի դպրոցը» (ռեժ. Գոհար Խաչատրյան), «Էն ուրիշ Ֆրունզիկը» (ռեժ. Հովհաննես Պապիկյան), «Օգնիր նրանց հիմա» (ռեժ. ԱրտՆերսես), «Bye-Bye» (ռեժ. Արեգ Մկրտչյան, Հրայր Լազյան, Աշոտ Հարությունյան) ֆիլմերին: «WebԾիրան» համահայկական առցանց կինոփառատոնը մեկնարկել էր 2011թ. նոյեմբերի 15-ին` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսության նախաձեռնությամբ: Փառատոնի հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: «Զարգացող աշխարհում անխուսափելի է ժամանակակից տեխնոլոգիաների ներթափանցումը նաեւ մշակույթի բնագավառ, ինչը ողջունելի է եւ խրախուսում է տաղանդի բացահայտմանը: Տեխնոլոգիական լուծումների կիրառումը, տվյալ պարագայում ինտերնետը, ստեղծագործողին թույլ է տալիս առանց նյութական մեծ ռեսուրսներ օգտագործելու` իր ասելիքը հասցնել լայն հասարակությանը: Չափազանց կարեւոր գործոն, ինչի կարիքն ունեն կինոարվեստն ու սկսնակ ստեղծագործողները: Շնորհավորում եմ նորարարական այս փառատոնի հաղթողներին եւ հույսով եմ, որ այս հաղթանակը լուրջ ազդակ կհանդիսանա, որպեսզի հաղթող ճանաչված ռեժիսորները հասնեն ավելի մեծ հաջողությունների»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել է տարբեր ժանրերի 49 ֆիլմ: Ավելի քան մեկ ամսում, ներկայացված ֆիլմերը դիտել են 42.032 անգամ: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնին մասնակցելու հնարավորություն էր տրված Հայաստանում եւ արտերկրում ապրող հայ կինոռեժիսորների: Մրցույթին կարող էին ներկայացվել մինչեւ 20 րոպե տեւողությամբ, առանց ժանրային սահմանափակումների, ցանկացած տեխնիկական միջոցով նկարահանված ֆիլմեր: Ժյուրիի անդամների գնահատականները եւ ընդհանուր արդյունքները կարելի է տեսնել webtv.am կայքէջում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play