Վիրահայոց պատվիրակությունը այցելել է Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարան<br />


Վիրահայոց պատվիրակությունը այցելել է Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարան

  • 11-01-2011 18:14:00   | Վրաստան  |  Հասարակություն
ԹԲԻԼԻՍԻ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 10-ին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները` առաջնորդությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանի, այցելեցին Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարան: Ընդունելով վիրահայոց պատվիրակությանը, Համայն Վրաց Իլիա Բ Պատրիարքը Վրաց եկեղեցու անունից շնորհավորեց հայ ժողովրդին եւ Հայ եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ՀՀ նախագահին Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով: Նորին Սրբությունը մեկ անգամ եւս իր հարգանքը եւ բարեկամական սերը արտահայտեց համայն հայության հանդեպ եւ հորդորեց հավատարիմ մնալ դարերից եկող հայ-վրացական եղբայրությանը եւ բարեկամությանը, հույս հայտնելով, որ միասնական ուժերով կհաղթահարվեն հայ եւ վրաց եկեղեցիներին եւ ժողովուրդներին հուզող հարցերը: Իլիա Պատրիարքը հույս հայտնեց նաեւ, որ այս տարի կկայանա Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի եղբայրական այցը Վրաստան: Ըստ Վիրահայոց թեմի մամլո դիվանի, հանդիպմանը խոսքով հանդես եկան Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հրաչ Սիլվանյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, հասարակական գործիչ Գիվի Շախնազարը եւ Վրաստանի հայ գործարարների միության ներկայացուցիչ Սամվել Աղեկյանը: Վիրահայոց պատվիրակությունը Համայն Վրաց Պատրիարքին փոխանցեց վիրահայ հայտնի գեղանկարիչ Լեւ Բոյախչեւի աշխատանքը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play