Հունիսի 1-ից հնարավոր կլինի ձեռք բերել նույնականացման քարտ ու կենսաչափական էլեկտրոնային անձնագիր


Հունիսի 1-ից հնարավոր կլինի ձեռք բերել նույնականացման քարտ ու կենսաչափական էլեկտրոնային անձնագիր

  • 07-02-2012 23:04:27   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրման նպատակով Ազգային Ժողովի կողմից 2011թվականի նոյեմբերի 30-ին ընդունվեցին «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքները, որոնք ուժի մեջ կմտնեն 2012 թվականի հունիսի 1-ից: Այս մասին "Նոյյան Տապան"-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից։ Նույն աղբյուրի համաձայն, օրենքների ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները 2012 թվականի հունիսի 1-ից հետո իրավունք ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու նպատակով որպես անձը հաստատող փաստաթուղթ ունենալու Նույնականացման քարտ, իսկ օտարերկրյա պետություններ մեկնելու դեպքում որպես ճամփորդական փաստաթուղթ՝ նաեւ կենսաչափական տվյալներով անձնագիր (անձնագիրը պարունակելու է քաղաքացու աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատերի մատնադրոշմները): Անձը հաստատող նշված փաստաթղթերը ստանալը ՀՀ քաղաքացիների իրավունքն է, այսինքն՝ կամավոր է. ուժի մեջ են գտնվելու նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ հին նմուշի անձնագրերը, 2012 թվականի հունիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նաեւ ստանալ, փոխանակել հին նմուշի անձնագրերը կամ երկարաձգել դրանց վավերականության ժամկետը՝ միաժամանակ օգտագործելով այն թե Հայաստանի Հանրապետության տարածքում եւ թե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 2011 թվականի նոյեմբերի 30-ին կատարված լրացման արդյունքում սահմանվել են նաեւ ՀՀ քաղաքացու նույնականացման քարտի եւ կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի տրամադրման համար պետական տուրքի չափերը, համապատասխանաբար՝ 3 հազար եւ 25 հազար դրամ: «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հանրային ծառայությունների համարանիշը թվային տաuը նիշերի համակցություն է, որը ձեւավորվում է բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների հիման վրա: Մինչեւ նշված օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվելու են հանրային ծառայությունների համարանիշեր եւ ամրագրվելու են նույնականացման քարտերում` դրանք քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով առաջին անգամ տրամադրելիս: Օրենքով նախատեսվել է նաեւ հանրային ծառայությունների համարանիշի ձեռքբերման կամավորության սկզբունքը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել հանրային ծառայությունների համարանիշերի օգտագործման համար նախատեսված նպատակներով նաեւ 2012 թվականի հունիսի 1-ից հետո: Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսված է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պարտադիր առկայություն, սակայն քաղաքացին հրաժարվում է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) եւ չի ստացել նույնականացման քարտ, ապա ոստիկանությունը վերջինիս տրամադրելու է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք կապահովեն քաղաքացու իրավունքների իրացումը: Նույնականացման քարտ չստացած եւ սոցիալական քարտ չունեցող քաղաքացու ցանկությամբ Ոստիկանությունը վերջինիս կտրամադրի հանրային ծառայությունների համարանիշ՝ տեղեկանքի տեսքով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play