Ընդունենք միգրացիայի օգուտները ու ներկայացնենք այդ տեսլականը. ՄՄԿ-ն նշում է Միգրանտների միջազգային օրը


Ընդունենք միգրացիայի օգուտները ու ներկայացնենք այդ տեսլականը. ՄՄԿ-ն նշում է Միգրանտների միջազգային օրը

  • 17-12-2010 10:48:59   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն
Ժնեւ, 18 դեկտեմբերի, 2010թ. - Նշելով Միգրանտների միջազգային օրը` Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) նշում է, որ անհրաժեշտ է, որ կառավարությունները բացեն իրենց աչքերը եւ տեսնեն միգրացիայի օգուտները եւ դա ներկայացնեն նաեւ հասարակության լայն շերտերին: Ներկայումս շատ հաճախ միգրանտների ունեցած դրական ներդրումները կասկածի տակ են առնվում, քանի որ շատ կառավարություններ որդեգրում են ոչ հեռատես վարքագիծ` միգրանտներին ներկայացնելով որպես բեռ երկրի առողջացող տնտեսության համար կամ որպես սոցիալական պետության միջոցների սպառող: Սակայն միգրանտների ունեցած ներդրումները մեծ են: Այս տարի ավելի վաղ Լոնդոնի Յունիվերսիթի Քոլիջի հրապարակված ուսումնասիրության տվյալները ցույց են տալիս, որ Արեւելյան Եվրոպայից եկած նորեկների վճարած հարկերը 37 տոկոսով ավելին են, քան նպաստների տեսքով ու հանրային ծառայությունների կողմից նրանց տրված միջոցները 2008-09թթ.: Ավելի ու ավելի շատ միգրանտներ են օգնել կարեւոր հանրային ծառայությունների ապահովման հարցում, ինչպիսիք են ազգային առողջապահական համակարգում բժշկի, բուժքրոջ կամ սպասարկող անձնակազմի ծառայությունները: Վերջերս կատարված մեկ այլ ուսումնասիրություն էլ ներկայացնում է բրիտանական տնտեսության վրա ներգաղթողների ունեցած դրական ձեռնարկատիրական ազդեցությանը: Միացյալ Նահանգներում Նախագահի տնտեսական խորհրդատուների խորհրդի տվյալներով ամեն տարի Ամերիկայում ծնվածները, ամերիկյան տնտեսությունում ներգաղթողների մասնակցության շնորհիվ, ստանում են շուրջ 37 միլիարդ ԱՄՆ դոլար: ԱՄՆ-ում յուրաքանչյուր 10-ն անհատ ձեռներեցից մեկը ներգաղթող է: «Չնայած ապացույցներին` դեռ կան որոշ խնդիրներ, որոնք լուրջ հակազդեցություն են առաջ բերում: Խորհրդարաններում, փողոցներում, ճաշի սեղանների շուրջ բուռն քննարկումներ ու բանավեճեր են ընթանում միգրանտների ունեցած ազդեցության մասին ազգային ինքնության, անվտանգության, զբաղվածության, առողջապահական ու սոցիալական ոլորտների վրա, որոնք բոլորը միասին կազմում են հասարակարգի հիմքը», - ասում է ՄՄԿ գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգը: «Ցավոք, այս քննարկումների մեծ մասն հիմնվում է զգացմունքների ու առասպելների վրա եւ ոչ սոցիալ-տնտեսական իրականության վրա: Այժմ եւ ապագայում էլ միգրացիան պայմանավորված կլինի համաշխարհային տնտեսական, սոցիալական եւ ժողովրդագրական միտումներով, որոնք այլեւս անտեսել հնարավոր չէ»: Ըստ ՄՄԿ-ի կողմից վերջերս հրապարակված Համաշխարհային միգրացիայի մասին զեկույցի միջազգային միգրանտների թիվը 2050թ. կարող է հասնել 405 միլիոնի, եթե պահպանվեն վերջին քսան տարիների միգրացիայի աճի տեմպերը: Թվի նման կտրուկ բարձրացման պատճառներից մեկը աշխարհի արդյունաբերական երկրներում բնակչության թվի կրճատումն է, որն ըստ կանխատեսումների կարող է մինչեւ 2050թ. հասնել շուրջ 25 տոկոսի: Սա զգալիորեն կավելացնի միգրանտ աշխատողների պահանջարկը, իսկ զարգացող երկրներում աշխատուժը 2005թ. 2.4 միլիարդից կհասնի 3.6 միլիարդի 2040թ.: Շատ երկրներում տարբեր մակարդակի հմտությունների տեր միգրանտ աշխատողներ կպահանջվեն գիտելիքներ ու նորամուծություն պահանջող, ինչպես նաեւ այնպիսի աշխատանքների համար, որոնք երկրի քաղաքացիները չեն կարող կամ չեն ցանկանում անել: Այդ աշխատանքներն են. առողջապահական ծառայությունները, երեխաների եւ տարեցների համար հոգ տանելը, հանրային ծառայությունները, սպասարկման ոլորտը, ինչպես նաեւ գյուղատնտեսությունն ու շինարարությունը: Համաշխարհային բանկի կանխատեսումներով, եթե նվազող բնակչություն ունեցող երկրները թույլ տան, որ իրենց աշխատուժը միգրատների հաշվին աճի ընդամենը երեք տոկոսով, որը լրացուցիչ 14 միլիոն միգրանտ աշխատողներ կապահովի 2001-2025 թթ., ապա տարեկան լրացուցիչ 356 միլիարդ դոլար կձեւավորվի աշխարհում, որի մեծ մասը կգնա դեպի զարգացող երկրներ: «Այս թվերը սոսկ տնտեսությանը չեն վերաբերում: Դրանք պետք է նաեւ դիտարկել մարդկային համատեքստում: Տնտեսական աճը հավասարեցնում է մարդկային ու սոցիալական զարգացումներն ու անվտանգությունը, - պարզաբանում է Ու. Լ. Սվինգը, - աշխարհի շատ վայրերում միգրանտների կողմից կատարված դրամական փոխանցումներն այնքան շատ բան են արել համայնքներին ծայրահեղ աղքատությունից դուրս բերելու, սեղաններին` հանապազօրյա հաց, ընտանիքներին` տուն ու երեխաներին` կրթություն ապահովելու հարցում: Այս ամենը նշանակում է ավելի լավ ապագա նրանց համար, եւ, իհարկե, աշխարհի մնացած մասի համար նույնպես»: Միգրացիան կա եւ կշարունակի գոյություն ունենալ, եւ կառավարությունները պետք է ընտրեն միգրացիայի կառավարման «վերին ուղու» կամ «ստորին ուղու» սցենարը: «Ստորին ուղու սցենարը» դա ստատուս քվոյի վիճակն է, որը հիմնվում է կարծրատիպերի, վախի կարճաժամկետ քաղաքական նկատառումների վրա: Այն բնորոշվում է միգրացիոն քաղաքականության սահմանափակումներով եւ գրեթե չկա երկխոսություն միգրացիայի վերաբերյալ` ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում: Դրան հակառակ, «վերին ուղու» սցենարով միգրացիան ճանաչվում է որպես համաշխարհային տնտեսության անբաժանելի մաս եւ ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսական առողջացման հարցում ընդունվում է միգրանտների կարեւոր դերակատարումը: Այս պարագայում քաղաքականությունն այնպիսին է, որ առավել համահունչ է աշխատանքային միգրացիայի մեծացող պահանջարկին, պաշտպանում է միգրանտների իրավունքները, խթանում է երկխոսությունը միգրանտի ծագման ու ընդունող երկրների միջեւ եւ կարեւորում է հայրենի ու ընդունող երկրում միգրանտների ունեցած տնտեսական ու սոցիալական ներդրումները: «Մարտահրավերն այն է, որ լինեն արդարացի ու մարդկային լուծումներ, որ ներդաշնակեցնեն միգրացիայի ցանկությունը եւ բնակչության տեղաշարժի մասով պետությունների պետական ինքնիշխանության հետ: Համագործակցությունը կարեւորվում է ոչ միայն միգրանտների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այն առումով, որ միգրանտները հարգեն ընդունող երկրի մշակույթն ու օրենքները», - եզրակացնում է Ու. Լ. Սվինգը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն