Դեսպան Կարապետյանի այցը Իտալիայի Պուլիայի տարածաշրջան


Դեսպան Կարապետյանի այցը Իտալիայի Պուլիայի տարածաշրջան

  • 24-02-2012 11:37:04   | Իտալիա  |  Քաղաքական

Փետրվարի 17-20-ը ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում էր Իտալիայի Պուլիայի տարածաշրջանում` Նարդոյում Սրբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնին մասնակցելու, ինչպես նաեւ Բարիում եւ այլ քաղաքներում հայկական պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով: Ինչպես Նոյան Տապանին հայտնում է ԱԳՆ-ն, ՀՀ դեսպանի այցի առաջին օրը Նարդոյի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Նարդոյի քաղաքապետ Մարչելո Ռիզին /Marcello Risi/, քաղաքային խորհրդի նախագահ Ա. Տիենեն ու անդամները, ինչպես նաեւ գիտնականներ Մարիա Ռոսարիա Տամբլեն եւ Դոնատո Ջիանկարլո դե Պասկալիսը, որոնք ներկայացրեցին իրենց կողմից հեղինակած եւ նոր հրատարակված գիրքը` «Կապերը Հայաստանի եւ Նարդոյի միջեւ. Սրբ.Գրիգոր Լուսավորչի պաշտամունքը»: Իր հերթին դեսպան Կարապետյանը քաղաքային իշխանություններին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է, որ «ընդհանրապես ժողովուրդների միջեւ հոգեւոր կապերը ամենահզորն են եւ հարատեւ: Այդ իմաստով հայ-իտալական առնչությունները բացառիկ են: Նարդոն էլ դրա վառ ապացույցն է, ուր պաշտում են աշխարհի առաջին քրիստոնյա պետության առաջին հոգեւոր առաջնորդին` Սրբ. Գրիգոր Լուսավորչին»: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պաշտպանել է այս քաղաքը 1743թ. երկրաշարժից, նա կպաշտպանի Նարդոն նաեւ ապագայում` մեզ ներկաներիս ժառանգելով հավերժ ամուր պահել հայ-իտալական բարեկամությունն ու մեր երկու ժողովուրդների միջեւ առկա այս բացառիկ հոգեւոր կապը », –շեշտել է Հայաստանի դեսպանը: Քաղաքապետի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում Ռուբեն Կարապետյանը խոստացել է աջակցել Նարդոյի եւ Հայաստանի միջեւ կապերի զարգացման ուղղությամբ համապարփակ աշխատանքային ծրագրի մշակման եւ իրականացման գործում` մշակութային, տնտեսական եւ զբոսաշրջության ոլորտներում: Նարդոյում ՀՀ դեսպանը հանդիպել է նահանգի հոգեւոր առաջնորդին, արքեպիսկոպոս Դոմենիկո Կալիանդրոյին /Mons. Domenico Caliandro/, մասնակցել է քաղաքի կենտրոնական եկեղեցում Սրբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված պատարագին, ինչպես նաեւ քաղաքային տարեկան երթին, որի ընթացքում հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունները բնակիչների հետ միասին հանդիսավոր կերպով շրջում են ամբողջ քաղաքով ` Սրբ. Գրիգոր Լուսավորչի կիսանդրու հետ: Այցի ընթացքում դեսպան Կարապետյանը հանդիպել է նաեւ նահանգի գործարարներին, որոնց հետ քննարկել է երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հաստատման հնարավորությունները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play