Հայաստան. բանտարկված ակտիվիստը եւ խմբագիրը ենթարկվել է հարձակման եւ տեղափոխվել խստացված ռեժիմի բանտ


Հայաստան. բանտարկված ակտիվիստը եւ խմբագիրը ենթարկվել է հարձակման եւ տեղափոխվել խստացված ռեժիմի բանտ

  • 03-12-2010 11:55:01   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Նյու Յորք, դեկտեմբերի 2, 2010 - Լրագրողների պաշտպանության կոմիտեն մտահոգված է ընդդիմության ակտիվիստ եւ «Հայկական ժամանակ» անկախ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատազրկման վայրում ծեծելու, այնուհետեւ մենախուց տեղափոխելու վերաբերյալ հաղորդումներով: Երեքշաբթի օրը իշխանությունները Փաշինյանին տեղափոխեցին «Արթիկ» փակ ռեժիմի բանտ: Փաշինյանի պաշտպան Վահե Գրիգորյանը ԼՊԿ-ին տեղեկացրեց, որ այդ տեղափոխությունը հատուցումն էր այն բանի, որ Փաշինյանը շարունակում էր բանտից խմբագրականներ գրել եւ դրանք հրապարակել «Հայկական ժամանակ» օրաթերթում: Ինչպես ԼՊԿ-ին հայտնեց Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանը գրում էր Հայաստանի քրեակատարողական համակարգում ենթադրաբար առկա կոռուպցիոն երեւույթների մասին: Նախքան Արթիկ տեղափոխումը Փաշինյանը 4 տարի ազատազրկման իր պատիժը կրում էր Երեւանի մոտ գտնվող Կոշ քրեակատարողական հիմնարկում` 2008 թ. փետրվարին Հայաստանում կայացած նախագահական խնդրահարույց ընտրություններից հետո զանգվածային անկարգությունների կազմակերպման համար: Ըստ Գրիգորյանի, քրեակատարողական հիմնարկի ղեկավարները պարբերաբար Փաշինյանից պահանջել են հոդվածներ չգրել, սակայն նա շարունակել է գրել: Ինչպես հաղորդել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, «Արթիկ» տեղափոխվելուց կարճ ժամանակ առաջ` նոյեմբերի 11-ին, Փաշինյանի տեղեկացմամբ, ինքը երկու դիմակավոր անձանց կողմից իր խցում ֆիզիկական հարձակման եւ ծեծի է ենթարկվել: «Մենք մտահոգված ենք այն հաղորդումներով, որ Նիկոլ Փաշինյանը բռնությունների է ենթարկվել` ի հատուցում բանտային պայմանների վերաբերյալ իր քննադատական մեկնաբանությունների, եւ Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում այդ հարցի կապակցությամբ իրականացնել անկախ հետաքննություն»,- նշեց ԼՊԿ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան: «Մենք կոչ ենք անում Հայաստանի քրեակատարողական ծառայության պաշտոնյաներին` երաշխավորել Փաշինյանի անվտանգությունը եւ բարելավել բանտում նրա պահման պայմանները»: Ըստ տեղական մամուլի հաղորդումների, բանտի ղեկավարությունը ժխտում է, որ հարձակումը տեղի է ունեցել, եւ նշում, որ բժշկական հետազոտությունը Փաշինյանի վրա չի հայտնաբերել հայտարարվող ծեծի նշաններ: Անկախ քննություն չի իրականացվել: Ինչպես հաղորդում է նորությունների կովկասյան Kavkazsky Uzel անկախ կայքը, իշխանություններն այսօր հայտարարել են, որ Փաշինյանը տեղափոխվել է, քանի որ նա, ըստ հայտարարությունների, քանիցս խախտել է Կոշի գաղութի չգրված օրենքները, եւ քանի որ վիճել կամ կռվել է խցակիցների հետ: Ըստ տեղական եւ միջազգային մամուլի հրապարակումների, իշխանությունները Փաշինյանին ձերբակալել են 2009-ի հուլիսին եւ 2010-ի հունվարին դատապարտել` 2008 թ. մարտին մայրաքաղաք Երեւանում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Յոթ մարդ մահացավ եւ ավելի քան հարյուրը վիրավորվեց այն բանից հետո, երբ ընդդիմության բողոքի ակցիաները` ընդդեմ նախագահական կեղծված ընտրությունների, վերածվեցին բռնությունների: Տեղական մամուլի հրապարակումների համաձայն, Փաշինյանը սկզբում դատապարտվել էր յոթ տարի ազատազրկման. հետագայում պատիժը նվազեցվեց մինչեւ չորս տարի: ԼՊԿ-ն Նյու Յորքում տեղակայված անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է հանուն աշխարհում մամուլի ազատության պաշտպանության: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.cpj.org: Մուզաֆար Սուլեյմանով Research Associate, Europe and Central Asia Committee to Protect Journalists Հեռ. 212.465.1004 (x101) ֆաքս: 212.465.9568 էլ. փոստ: [email protected] կայք: www.cpj.org
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն