Սումգայիթում իրականացված արյունալի ոճրագործությունները հետապնդել են մեկ նպատակ՝ ի սպառ բնաջնջել հայկական տարրը Ադրբեջանի ողջ տարածքում


Սումգայիթում իրականացված արյունալի ոճրագործությունները հետապնդել են մեկ նպատակ՝ ի սպառ բնաջնջել հայկական տարրը Ադրբեջանի ողջ տարածքում

  • 29-02-2012 15:23:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 29-ի, 1988թ. Սումգայիթի հայահալած ոճրագործության տարելիցի առթիվ Ծիծեռնակաբերդում կազմակերպված սգո երթի եւ ոգեկեչման արարողության մասնակից կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորեւ. «Փախստականների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ հայրենակցական միությունների ներկայացուցիչներս, այսօր մասնակցելով 1988թ. փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացված հայահալած, արյունալի ոճրագործությունների տարելիցի առթիվ կազմակերպված բազմամարդ սգո երթին եւ ոգեկոչման արարողությանը` մեր միասնական, արդարացի բողոքն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից տակավին շարունակվող ուրացման քաղաքականության եւ զեղծարար գործելաոճի հանդեպ: Մենք միաժամանակ ակնկալում ենք աշխարհի ողջ ժողովրդավար հանրության եւ առաջադեմ երկրների արդարամտորեն խիստ, իրատեսորեն համարժեք եւ նախանձախնդիր գնահատականը` լուսավորյալ 20-րդ դարում հայ ժողովրդին` մարդատյաց հարեւանների ջանքերով, երիցս պատուհասած արյունալի, հայատյաց, զանգվածային բարբարոսությունների վերաբերյալ: Իսկ դրանք այնքան ցայտուն եւ ակնհայտ են, որ չի զգացվում լրացուցիչ ապացույցների կարիք: Այսպես: 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիների արյունալի բարբարոսություններին զոհ են գնացել բացառապես ազգությամբ հայ 100-ից ավելի խաղաղ քաղաքացիներ: Նրանց գերակշիռ մասը խոշտանգվել ապա եւ ուղղակի ողջակիզվել է արյան ծարավի աբոխի աչքի առջեւ: Ավելի քան 18 հազար խաղաղ հայեր ենթարկվել են դաժան ծեծի եւ կտտանքների, որից հետո վտարվել են իրենց տներից եւ զրկվել ունեցվածքից: Իսկ զոհի ընտրության միակ չափանիշը եղել է տվյալ անձի ազգային պատկանելիությունը: Հանգամանք, որը բազմիցս խոստովանել են հենց իրենք` Ադրբեջանի անցյալ եւ ներկա իշխանավորները: Մենք համոզված ենք, եւ դրա համար առկա են բոլոր հիմքերը, որ 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված արյունալի ոճրագործությունները հետապնդել են մեկ նպատակ` ի սպառ բնաջնջել հայկական տարրը Ադրբեջանի ողջ տարածքում: Հետեւապես, ելնելով ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի ,,Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի ենթարկելու մասին,, կոնվենցիայից, մենք` Հայաստանում հավատարմագրված դեսպանատների եւ միջազգային կառույցների միջոցով, դիմում եւ հորդորում ենք առաջադեմ երկրների Կառավարություններին եւ աշխարհի բելոր ազնիվ մարդկանց` 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած բռնությունները որակել եւ միջազգայնորեն ճանաչել որպես ցեղասպանություն: Հայտարարությանը միացել են հետեւյալ կազմակերպությունները. 1. Հայ փախստականների «Ահազանգ» հ/կ նախագահ Գրիշա Օգանեղով 2. «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյան 3. «Գարդմանա երկիր», հ/կ նախագան Ալեքսանդր Տերյան 4. «Ղարաբաղ» բռնագաղթվածների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հ/կ նախագահ Սիրվարդ Գալստյան 5. «Զանգեզուր» զոհված ազատամարտիկների հ/կ նախագահ Արամ Մելքումյան 6. «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Միքայել Արամյան 7. «Երեւանի զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների սոցիալապես անապահով ընտանիքներ» հ/կ նախագահ Ալբինա Առաքելյան 8. «Ագրարիի,, փախստական-ֆերմերների միություն» բարեգործական հ/կ նախագահ Նելի Ղուկասյան 9. «Երջանիկ» մանկական-բարեգործական հ/կ նախագահ Իննա Ակոպովա 10. «Պոտենցիալ» փախստական-մտավորականների միություն,, բարեգործական հ/կ նախագահ Կարինե Ասատուրյան 11.«Քարավան – 88», բարեգործական հ/կ նախագահ Զոյա Ջուլհակյան 12. «Վիրահայերի միասնություն» հ/կ նախագահ Տաճատ Վարդապետյան 13. «Համայնք եւ իրավունք» հ/կ նախագահ Սամվել Մկրտչյան»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play