Սերժ Սարգսյան. Եկել է Սեւանին պարտքը վերադարձնելու ժամանակը


Սերժ Սարգսյան. Եկել է Սեւանին պարտքը վերադարձնելու ժամանակը

  • 02-03-2012 18:45:14   | Հայաստան  |  Տնտեսություն

Սեւանա լճի ջրի մաքրության եւ ձկնային տնտեսության վերականգնման խնդիրները պետական միջամտության կարիք ունեն: ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: «Եթե մենք այդ խնդիրները չենք լուծում, մենք լճում կունենանք տեխնիկական եւ ոչ թե քաղցրահամ ջուր»,- ասաց Վ.Մովսիսյանը, հավելելով, որ առանց ջրածածկվող ափամերձ տարածքների մաքրման խնդիրը լուծել հնարավոր չէ: Նա, մասնավորապես, նշեց, որ այսօր ջրի մեջ են 169 շենք-շինություններ, դրանց կգումարվեն եւս 328 շենք-շինություններ, եթե հուլիսին ջրի մակարդակը հասնի 1900 մ 50 սմ-ի: Ջրի մեջ են նաեւ 347 հա անտառներ: Հանձնաժողովի նախագահը վստահ է, որ կառավարությունը առաջանցիկ տեմպերով պետք է հաստատի հատուկ գրաֆիկ՝ այդ տարածքները առաջիկա 2 տարում մաքրելու համար: «Հայաստանի նախագահի մտահոգությունը տեղին էր, որ ստեղծեց մեր հանձնաժողովը, այն վերջին երեք տարիների ընթացքում որոշակի աշխատանք կատարել է, սակայն մենք դեռեւս մեծ, մեծագույն, լրջագույն ճանապարհի սկզբում ենք»,- ընդգծեց Վլադիմիր Մովսիսյանը: ՀՀ նախագահի "դիպուկ խոսքով", ըստ Վ.Մովսիսյանի, եկել է Սեւանին պարտքը վերադարձնելու ժամանակը: «Բարոյականության սկզբունքներով ղեկավարվող մարդիկ պետք է մտածեն պարտքը վերադարձնելու, այլ ոչ թե պարտքը մեծացնելու ուղղությամբ»,- ասաց Սեւանի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովի նախագահը: Վ.Մովսիսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի հերթական նիստում հաստատվել եւ մարտի 10-ից գործողության մեջ կմտնի հանձնաժողովի 2012թ. աշխատանքային գործունեության ծրագիրը, որը ներառում է Սեւանի բնական պաշարների պահպանման, վերարտադրության, վերականգնման, զարգացման եւ օգտագործման միջոցառումներին վերաբերող բոլոր հիմնախնդիրները: Ըստ ծրագրի, նախատեսված է իրականացնել 27 միջոցառում, արդեն իսկ ստեղծված են նույնքան աշխատանքային խմբեր, որոնք հիշյալ հարցերը կքննարկեն եւ կներկայացնեն դրանց լուծելու առաջարկություններ: Հանձնաժողովի նիստում քննության է առնվել նաեւ Սեւանա լճի հիմնախնդիրներին վերաբերող օրենքների կատարման հարցը: Վ.Մովսիսյանը պարզաբանեց, որ 2001թ. ընդունվել են «Սեւանա լճի մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման ու զարգացման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի մասին» օրենքները: Դրանց ընդունումից հետո 10 տարի է անցել, լճի ջրի մակարդակը 10 տարիների ընթացքում պետք է բարձրանար 216 սմ-ով, բարձրացել է 380 սմ-ով, այս տարվա հունվարի 1-ին ջրի մակարդակը հասել 1900 մ 13 սմ-ի, ինչը համապատասխանում է Սեւանա լճի 1963թ. մակարդակի ցուցանիշին, այսօրվա նիշը կազմում է 1900 մ 19 սմ: «Սա լրջագույն ձեռքբերում է, եւ այդ պրոցեսը պետք է շարունակվի»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Ոռոգման նպատակով լճից ջրի բացթողումը նույնպես, ըստ նրա, օրենքով թույլատրելի չափաքանակով է եղել՝ 10 տարիների միջինը բաց է թողնվել 158մլն խ.մ ջուր կամ 12 մլն խ.մ-ով պակաս օրենքով թույլատրված չափաքանակից: Լճն մաքրության վերականգնման առումով Վ.Մովսիսյանը կարեւորում է այն, որ ՀՀ նախագահի աջակցությամբ եւ հանձնարարությամբ, «օրակարգից մեկընդմիշտ հանվել է Արարատի ոսկու գործարանը Սոդք տեղափոխելը»: Ներկայումս բնապահպանության եւ էներգետիկայի նախարարություններում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրում է, թե արդյոք Սոդքում հանքանյութի ջարդիչ-տեսակավորող սարքը բնապահպանական առումով համապատասխանում է օրենքի պահանջներին, թե ոչ: Հանձնաժողովի նախագահը հավաստիացրեց, որ եթե խումբը կգտնի, որ չի համապատասխանում օրենքի պահանջներին, դրա գործունեությունը պետք է դադարեցվի: Վ.Մովսիսյանը կարեւորեց, որ վերջին երեք տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել կոյուղագծերի եւ մաքրման կայանների շինարարության ուղղությամբ՝ 15 մլն եվրո արժողությամբ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցների հաշվին: Կառուցվել եւ վերականգնվել են շուրջ 28 կմ կոյուղագծեր, այս տարի շահագործման կհանձնվեն Մարտունիի, Գավառի եւ Վարդենիսի մաքրման կայանները: Որոշակի աշխատանքներ են կատարվել անտառմաքրման ուղղությամբ: «Չնայած որակը մեզ չի բավարարում, բայց ծավալային առումով վերջին երեք տարիներին 1048 հա ջրածածկվող անտառներ են մաքրվել: Ապամոնտաժվել են 349 շենքներ եւ շինություններ, որոշակի աշխատանքներ են կատարվել նաեւ աղբավայրերի տեղակայման, հանքավայրերի գույքագրման, լքված հանքավայրերի ու թափոնների գույքագրման ուղղությամբ, այդ հարցերը գտնվում են քննարկման փուլում»,- ասաց Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովի նախագահը կարեւոր է համարում, որ հաջողվել է կառավարության միջոցով ընդունել մոնիտորինգի համակարգի ստեղծման ծրագիրը. «Եթե մենք չունենք կատարյալ, ներկա տեխնոլոգիաներին համապատասխանող մոնիտորինգային համակարգ, մեր բոլոր դիտարկումները արժանահավատ լինել չեն կարող՝ ես նկատի ունեմ ջրի, ցամաքի եւ օդի դիտարկումները»,- ասաց Վլադիմիր Մովսիսյանը՝ տեղեկացնելով, որ այդ ծրագրով նախատեսվում է 6 տարիների ընթացքում վերաստեղծել եւ վերազինել այդ համակարգը՝ ֆինանսավորման տարբեր աղբյուրներից ծրագրի իրականացման նպատակին կտրամադրվի 654 մլն դրամ: «Մեր այսօրվա առավելագույն ջանքերը պետք է գործադրվեն այդ համակարգը կայացնելու»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Իսկ 2011թ. ամռանը կատարված դիտարկումները ցույց են տվել, որ Սեւանա լճի ջրի լուսաթափանցելիությունը հասել է 8-11մ-ի, ինչը շատ լավ ցուցանիշ է՝ նախորդ տարիներին ջրի լուսաթափանցելիությունը իջել էր մինչեւ 4-5մ, տարիներ են եղել, որ այն եղել է նաեւ 3-4մ : «Մեկ տարվա ցուցանիշով անել վերջնական եզրահանգում ես չեմ կարող, ես դա մեծ գործի սկիզբն եմ միայն համարում»,- ասաց Վ.Մովսիսյանը: Արձանագրելով, որ ձկնային տնտեսությունում կան լրջագույն թերություններ, ձկնային պաշարները համարյա սպառվել են, Վլադիմիր Մովսիսյանը նշեց, որ այսօր էնդեմիկ ձկնատեսակների արհեստական վերարտադրման բնագավառում դրական տեղաշարժեր կան. իշխանի երկու տեսակների՝ Գեղարքունիի եւ Ամառային բախտակի, ձկները լճում ավելացել են: «Դա ինձ չի ոգեւորում, որովհետեւ դա արհեստականորեն իրականացված պրոցես է, բնականորեն ձուկը ձվադրման գնալու հնարավորություններ չունի՝ գետերը ապականված են, հուները խախտված, ՀԷԿ-եր են կառուցված որոշ տեղերում, որսագողություն կա: Այսինքն՝ այստեղ մենք լուրջ անելիքներ ունենք»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play