Մաստրիխտում կազմակերպվել էր սիմպոզիում`«Սուրբ Սերվատես հայը» խորագրով


Մաստրիխտում կազմակերպվել էր սիմպոզիում`«Սուրբ Սերվատես հայը» խորագրով

  • 12-03-2012 17:44:14   | Նիդեռլանդներ  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 10-ին Մաստրիխտ քաղաքում Նիդերլանդների «Անի» կազմակերպության կողմից կազմակերպվել էր սիմպոզիում` նվիրված սուրբ Սերվատեսի հիշատակին: «Սուրբ Սերվատես հայը» խորագրով միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաեւ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Իր ելույթում դեսպան Աղաջանյանն անդրադարձավ սուրբ Սերվատեսի ժառանգությանը` որպես հոլանդական հասարակության մեջ քրիստոնեության եւ քրիստոնյա արժեքների տարածողի, հայ-հոլանդական կապերի սկզբնավորմանն ու հետագա տարածմանը, հայկական համայնքի ձեւավորմանն ու հոլանդական պատմության մեջ ունեցած դերակատարությանը, ներկայիս հայկական համայնքի դերին ու նշանակությանը: Խոսելով հայ-հոլանդական կապերի մասին` ՀՀ դեսպանը նշեց. «Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ` հայ-հոլանդական հարաբերությունները որակական նոր փուլ են մտել` երկու ժողովուրդների միջեւ հարաբերություններից վերածվելով երկու պետությունների միջեւ հարաբերությունների: Մենք մեր նախնիներից դեռ շատ բան ունենք սովորելու, թե ինչպես ամուր տնտեսական կապեր ձեւավորենք, սակայն հիմքերն արդեն դրված են. կա արդեն նշանակալից ժառանգություն ստացած համայնք, որը դեռեւս պետք է լիովին գիտակցի դրա կարեւորությունը եւ յուրացնի այն»: Նա շեշտեց, որ սուրբ Սերվատեսի ջանքերն պտուղ են տվել, որոնք «այսօր ծաղկում են` խոստանալով ընդլայնել բարեկամությունն ու համագործակցությունն երկու ժողովուրդների միջեւ` ի վկայություն այն անժխտելի ներդրումի, որ հայ սուրբն ունեցել է հոլանդական հասարակության մեջ: Մենք պարտավոր ենք սնել այն եւ հնարավորություն տալ ամբողջ ներուժով դրսեւորվելու»: Սիմպոզիումին մասնակցում էր նաեւ Նիդերլանդների Իմիգրացիայի, ինտեգրացիայի եւ ապաստանի հարցերով նախարար Խերտ Լիրսն, ով իր ելույթում անդրադարձավ հոլանդական հասարակության մեջ հայ համայնքի ներդրումին եւ առկա խնդիրներին: Նրան նվիրվեց դոկտոր Եվադյանի հեղինակած «Սուրբ Սերվատես հայը» գրքի առաջին օրինակը: Սիմպոզիումին ընդարձակ ելույներով հանդես եկան դոկտոր Ռեգիս դե լա Հայեն, դոկտոր Մաքսիմ Եվադյանը /Լիոնի համալսարան/, դոկտոր Թեո ֆան Լինտը /Օքսֆորդի համալսարան/, դոկտոր Ժոզեֆ Վայտենբերգը /Լեյդենի համալսարան/, դոկտոր Հերման Տյուլեն /Նայմեխենի համալսարան/, ովքեր իրենց ելույթները նվիրեցին սուրբ Սերվատեսի կյանքի ու ծագումնաբանության շուրջ ուսումնասիրությունների, հայ գրականության, Նիդերլանդներում հայ համայնքի պատմության, Մերձավոր արեւելքում քրիստոնյաների խնդիրների ներկայացմանը: Հայ բանաստեղծների գործերի թարգմանությամբ ելույթ ունեցավ դոկտոր Անթոնի Հոլսլախը: Միջոցառման երաժշտական հատվածում Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Հարությունյանի, Կանաչյանի եւ այլոց գործերի կատարումներով հանդես եկան սոպրանո Լիլիթ Սաթին, դաշնակահարուհի Մարիամ Պողոսովան, ֆլեյտահար Զարա Բադալյանը, եւ թավջութակահար Միքայել Գրիգորյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, սիմպոզիումին ներկա էին նաեւ Լիմբուրգի նահանգապետ Թեո Բովանսը, փոխքաղաքապետ Ժակ Կոստոնյը, խորհրդարանականներ, հայ եկեղեցու եւ հոլանդական հոգեւոր դասի, հոլանդական հասարակական ու գործարար շրջանակների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play