Տեղի ունեցավ ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի Հաղթողների ակումբի անդամների հանդիպումը


Տեղի ունեցավ ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի Հաղթողների ակումբի անդամների հանդիպումը

  • 14-03-2012 14:35:59   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մարտի 13-ին Սինոփսիս Արմենիայում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւի Հաղթողների ակումբի անդամների հանդիպումը ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի հետ: Հանդիպումը տեւեց ավելի քան 2 ժամ: Միջոցառումը կայացավ Հայաստանի ինչպես ՏՏ ոլորտի առաջնորդների, այնպես էլ այլ ոլորտների հայտնի անհատականությունների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումների շրջանակներում: Հանդիպումը բացեց ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը՝ ներկայացնելով հանդիպման հյուրին եւ նրա անցած ուղին: Ինչպես միշտ, հանդիպման պատվավոր հյուրը Հաղթողների ակումբի անդամների պատմեց իր գործունեության մասին ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային շրջանում՝ անկախ Հայաստանի կայացման տարբեր փուլերում: Նա ներկայացրեց իր հարուստ փորձը երկրի եւ արտասահմանում տարբեր կառույցների ղեկավարման, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման ու ռազմավարական հետազոտությունների իրականացման գործում: Հյուրը հատկապես շեշտեց ռուսաստանյան, ամերիկյան եւ եվրոպական առաջատար գիտակրթական եւ հետազոտական միջավայրներում իր ստացած գիտելիքի եւ այդ գիտելիքի կիրառման արվեստի կարեւորությունը: Հաղթողների ակումբի անդամների հարցերը հիմնականում ուղղված էին Հայաստանի անվտանգության ռազմավարությանը, տարածաշրջանային եւ միջազգային ռազմաքաղաքական իրադրությանը, Հայաստանին վերաբերող վտանգներին ու մարտահրավերներին: Իր պատասխաններից մեկում Հայկ Քոթանջյանը երիտասարդներին կոչ արեց չվախենալ դժվարություններից ու միշտ ազատ մտածել, «Ինտելեկտուալ գործունեությամբ զբաղվող, մտածող մարդկանց համար կարեւորը մտքի խիզախությունն է: Որոնումների, հետազոտությունների ընթացքում մարդու միտքը պետք է ազատ լինի: Անշուշտ, հարաբերությունների մեջ կան էթիկայի կանոններ, որոնց հետեւելը բարեշնորհության պահանջ է, բայց մտովի մարդը պետք է անպայման ազատ ու անկաշկանդ լինի ու չվախենա: Սա այն խորհուրդն է, որը ես իմ տղաներին եմ տալիս եւ հիմա կիսում եմ Ձեզ հետ: Սա է հաջողության հասնելու գրավականըե: ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխության մասին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւը Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի հովանավորությամբ եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող մրցանակաբաշխություն է, որը հիմնադրվել է 2005թվականին եւ որին մասնակցում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, ԵՊՀ-ին կից ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի, ՀՊՃՀ Երեւանի հենակետային վարժարանի, «Քվանտ» վարժարանի, Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի եւ Վանաձորի «Էվրիկա» վարժարանի ուսանողներն ու աշակերտները: Մրցանակները շնորհվում են հետեւյալ անվանակարգերում՝ Գլխավոր մրցանակ, Լավագույն ասպիրանտ, Լավագույն մագիստրանտ, Լավագույն բակալավր, Լավագույն սփյուռքահայ ուսանող, Լավագույն ուսանողուհի, Լավագույն աշակերտ: Մրցանակաբաշխությունն իրականացվում է՝ սկսած 2005 թվականից: Անցած յոթ տարիների ընթացքում ՏՏ ոլորտի 201 լավագույն ուսանողներ եւ աշակերտներ արժանացել են այս պարգեւին: Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի աջակցությամբ բոլոր տարիների մրցանակակիրների կազմով 2008թ-ին ստեղծվել եւ գործում է Հաղթողների ակումբ, որի գործունեության շրջանակներում կազմակերպվում են պարբերական հանդիպումներ ակումբի անդամների եւ հայտնի անհատականությունների հետ: Հանդիպումներն անց են կացվում «Վարպետական դասերի» (Master Class) ձեւաչափով, որի ընթացքում հյուրերը ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի հաղթողների հետ կիսվում են իրենց ակադեմիական եւ գործնական հաջողությունների փորձով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play