Գարնանային գիշերահավասար` մարտի 20-ին սկսվում է աստղագիտական գարունը


Գարնանային գիշերահավասար` մարտի 20-ին սկսվում է աստղագիտական գարունը

  • 20-03-2012 01:51:10   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 20-ին, Գրինվիչի ժամանակով 05:14-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, եւ քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով կտեւի մոտ 33 ժամ: Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա եւ ցերեկվա տեւողությունները հավասարվում են: Ըստ Հայկական աստղագիտական ընկերության հաղորդագրության, խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր եւ ցածր գտնվելու տեւողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաեւ առավոտյան եւ երեկոյան մթնշաղի ժամերը: Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան): Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետեւ` 21-ին եւ այժմ` 20-ին: Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է եւ մոտ 26000 տարում մեկ լրիվ պտույտ է կատարում: Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի` ուղղակի ծագման, հաշվարկը: Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից եւ շուրջ 3000 տարվա պատմություն ունի: Հիշեցնենք, որ մեր մոտ ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Զատիկի, օրվա հաշվարկն էլ կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ: Այսպես, ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսնից հետո եկող առաջին կիրակին է, եւ այս տարի կնշվի ապրիլի 8-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play