Քաղաքապետարանում քննարկվել են սոցծառայությունների տարածքային գործակալություններում առկա բացթողումները


Քաղաքապետարանում քննարկվել են սոցծառայությունների տարածքային գործակալություններում առկա բացթողումները

  • 20-03-2012 19:07:07   | Հայաստան  |  Հասարակություն

Մայրաքաղաքի սոցիալական ծառությունների տարածքային գործակալությունների աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, դիմելով գործակալությունների պետերին՝ քաղաքապետը նախ նկատել է, որ համակարգում առկա են որոշակի խնդիրներ ու բացթողումներ, որոնք հարուցում են քաղաքացիների դժգոհությունն ու բացասաբար են անդրադառնում աշխատանքների բնականոն ընթացքին: Տարոն Մարգարյանը, մասնավորապես, դժգոհել է ոլորտի աշխատակիցների մասնագիտական որակավորման արդյունքներից, որոշ դեպքերում նաեւ քաղաքացիներին մատուցած ծառայությունների որակից: «Սա այն ոլորտն է, որտեղ պետք է աշխատեն միայն խորը մասնագիտական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, քանի որ գործ ունենք սոցիալական տարբեր պայմաններում ապրող ու յուրովի խնդիրներ ունեցող քաղաքացիների հետ: Անհրաժեշտ է կտրուկ փոխել վերաբերմունքը սոցիալապես անապահով խավի նկատմամբ եւ բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը» ,- նշել է քաղաքապետը: Կարիքավոր ընտանիքների անապահովության գնահատման համակարգի վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ այս դեպքում եւս տեղ են գտել թերացումներ ու բացթողումներ, որոնք պետք է բացառվեն: «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, տարածքային գործակալությունների աշխատակիցները երբեմն թերանում են իրենց պարտականություններում, չարաշահում լիազորությունները: Վստահեցնում եմ բոլորիդ, որ նման աշխատակիցների նկատմամբ կկիրառվեն վարչական խիստ մեխանիզմներ՝ ընդհուպ մինչեւ համակարգից հեռացում: Տեղերում ձեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի կառույցի հեղինակության բարձրացումը, քանի որ անգամ մեկ աշխատակցի թերի գործունեությունը կարող է ստվերել ողջ աշխատանքը» ,- նշել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը տարածքային գործակալությունների պետերին հանձնարարել է նաեւ անձամբ այցելել կարիքավոր ընտանիքներին, ինչը կնպաստի նաեւ տեսուչների կողմից հնարավոր բացթողումների վերհանմանը եւ ընդհանուր իրավիճակի հստակեցմանը: Տարոն Մարգարյանը նշել է, որ միայն սրտացավ ու հոգատար վերաբերմունքի դեպքում հնարավոր կլինի գոհացնել քաղաքացիներին, այդպիսով վերականգնելով նաեւ համակարգի նկատմամբ վստահությունը: Ի պատասխան քաղաքապետի հանձնարարականների՝ սոցիալական ծառությունների տարածքային պատասխանատուները խոստացել են կարճ ժամկետում վերանայել աշխատանքային մոտեցումներն ու շտկել թերացումները եւ բացթողումները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play