Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում Հայկական հարցերով զբաղվող խմբի մեծամասնությունը վերընտրվել է


Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում Հայկական հարցերով զբաղվող խմբի մեծամասնությունը վերընտրվել է

  • 04-11-2010 09:45:20   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Վաշինգտոն- Պատմական ընտրությունների գիշերը, որը բերեց Կոնգրեսում ուժի կտրուկ փոփոխման, Հայկական հանձնախմբի անդամները եւ Ներկայացուցիչների պալատում ու Սենատում 252-րդ եւ 316-րդ բանաձեւերի աջակիցները հասան բավականին արդյունքների, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Կոնգրեսում Հայկական խնդիրներով զբաղվող խմբի անդամների մեծամասնությունը վերընտրվեցին` ներառյալ խմբի համանախագահ Ֆրեկ Փալոնը եւ Մարկ Քիրքը: Ներկայացուցիչ Մարկ Քիրքը, ով Հայոց Ցեղասպանության բանաձեւի առաջատար հովանավոր է, վերընտրվեց Միացյալ Նահանգների Սենատում Իլինոիս նահանգում` զբաղեցնելով այն պաշտոնը, որը մի ժամանակ պատկանում էր նախագահ Բարաք Օբամային: Ներկայացուցիչ Փալոնը պատասխանեց «Tea Party» շարժման թեկնածուի քննադատությանը` ուղղված Օբամայի վարչակազմին Հայոց Ցեղասպանության փաստի վերահաստատման իր խոստումը չկատարելու համար: Հանրապետականների հաղթանակով Ներկայացուցիչների պալատում սպասվում է, որ Օբամայի կողմից վարվող քաղաքականությունը էլ ավելի կքննադատվի: Ամերիկայի Հայկական Համագումարը շարունակում է պայքարել նախագահի կողմից Հայոց Ցեղասպանության վերահաստատման համար եւ կոչ է անում նախագահ Օբամային աներկիմաստորեն հաստատել այս պատմական փաստը: «Մենք շնորհավորում ենք Հայկական հանձնախմբի անդամներին, ովքեր վերընտրվեցին եւս մեկ ժամկետով Կոնգրեսում եւ պատրաստվում ենք ընդլայնել հանձնախմբի կազմը: Մենք նաեւ հայտնում ենք մեր երախտապարտությունն այն անդամներին, ովքեր այլեւս չեն վերադառնալու Կոնգրես»,- նշեց Համագումարի Կոնգրեսական կապերի հետ հարցերով աշխատակից Բիանկա Դոդովը: Ի հավելումն, ամերիկահայ ներկայացուցիչ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձեւի հովանավոր ներկայացուցիչ Ադամ Շիֆը բարեհաջող վերընտրվեցին: 252-րդ բանաձեւի համահովանավորներ Էդվարդ Ռոյսը եւ Բրեդ Շերմանը կվերադառնան Կոնգրես, իսկ հայկական հարցերի վաղ աջակից Ջորջ Ռադանովիչը անցյալում հայտնել է 111-րդ Կոնգրեսի գործունեության ավարտին թոշակի անցնելու իր մտադրության մասին: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության ղեկավարներին, ապա Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության խոսնակ Էրիկ Կանտորը, ով հայտարարեց մեծամասնության առաջնորդ դառնալու իր մտադրությունների մասին, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ենթադրելի խոսնակ Քեվին ՄկՔարթին եւ պալատի Հանրապետական քաղաքականության հանձնախմբի ղեկավար Թադեուս ՄկՔոթերը վերընտրվեցին ու բոլորն էլ 252-րդ բանաձեւի համահովանավորներ են: Թեժ պայքարում վերընտրվեցին Սենատի մեծամասնության առաջնորդ Հերի Ռիդը, ով Հայոց Ցեղասպանության բանաձեւի համահովանավոր է, ինչպես նաեւ 316-րդ բանաձեւի համահովանավոր սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Չարլզ Շումերը: Ի հավելումն, սենատոր Սեմ Բրաունբեքը, ով նույնպես Հայոց Ցեղասպանության բանաձեւի համահովանավոր է, զբաղեցրեց նահանգապետի պաշտոն: Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ սենատոր Բրաունբեքը հուլիս ամսից ի վեր «կանգնեցրել էր» Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնին հավակնող Օբամայի կողմից առաջարկված Ֆրենսիս Ռիկարդիոնե Կրտսերի թեկնածությունը: «112-րդ կոնգրեսում նոր փոփոխություններով այժմ մեր համայնքային աշխատանքներն էլ ավելի մեծ կարեւորություն կստանան: Համագումարը կոչ է անում բոլոր հայերին գալիք շաբաթներին եւ ամիսներին կապվել իրենց կողմից ընտրված պաշտոնյաների հետ եւ քաջալերել նրանց աջակցել Հայոց Ցեղասպանության բանաձեւին»,- նշեց Համայնքի հետ աշխատանքների գծով տնօրեն Դանիել Քուշակջյանը: 1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է: Որպես այդպիսին, համագումարը չի սատարում որեւէ թեկնածուի վերընտրման:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն