Կարեն Վարդանյան. Ազատ տնտեսական գոտիների մասին օրենքում անհրաժեշտ է հստակեցումներ անել


Կարեն Վարդանյան. Ազատ տնտեսական գոտիների մասին օրենքում անհրաժեշտ է հստակեցումներ անել

  • 21-03-2012 16:33:45   | Հայաստան  |  Տնտեսություն

2011թ. մայիսին ընդունվել է «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը, իսկ 2012թ. փետրվարի 2-ին «Մարս» գործարանի եւ Մերգելյան ինստիտուտի հիմքի վրա ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել բարձր տեխնոլոգիաների ուղղվածություն ունեցող ազատ տնտեսական գոտի: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» լրատվական-վերլուծական կենտրոնում մարտի 21-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Հովհաննես Ավետիսյանը, այս տնտեսական գոտին կազմակերպելու առաջարկով կառավարությանը դիմել է «Սիթրոնիքս» ընկերությունը, որի հետ հաջորդ ամիս նախատեսվում է ստորագրել պայմանագիր: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու ուղղությամբ կատարված առաջին քայլը կարեւոր է համարում: Նրա գնահատմամբ, ազատ տնտեսական գոտիները հնարավորություններ կընձեռեն հայաստանյան ընկերություններին մրցունակ լինել արտահանման դաշտում: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մշակում են ազատ տնտեսական գոտիներում նաեւ ծրագրմամբ զբաղվող կազմակերպությունների մասնակցությունը խթանող լրացուցիչ առաջարկներ՝ ուղղված ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին: Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, օրենքում առկա անորոշությունը «մնում է բավականին բարձր մակարդակի վրա»: Ըստ նրա, պետք է հստակեցնել մոտեցումները, մասնավորապես, ըստ գործունեության ոլորտների կազմակերպությունների հարկային արտոնությունները սահմանելիս: Նա ներկայացրեց հարեւան Թուրքիայի օրինակը. Այստեղ գործում են երեք տիպի ներդրումային գոտիներ տեխնոպարկեր, արտադրական ոլորտի կազմակերպություններ եւ սարքավորումների մասերը հավաքելով, հավելյալ արժեք ստեղծելով արտահանմամբ զբաղվող ձեռնարկություններ: Թուրքիայում ըստ այդ փաթեթների, հարկային արտոնություններ են սահմանված. տեխնոպարկերի փաթեթի մասնակիցները մինչեւ 2024թ. ազատված են ավելացված արժեքի հարկից, իսկ կազմակերպությունների աշխատողները՝ եկամտահարկից: Իսկ արտադրական գոտիներում մոտեցումն այլ է՝ այստեղ արտոնություններն ուղղվում են էժան ենթակառուցվածքային պայմանների ապահովմանը՝ ջուր, հոսանք ինտերնետ: Ըստ Կարեն Վարդանյանի, մոտեցումների հստակեցման պարագայում ազատ տնտեսական գոտիների հանդեպ հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների հետաքրքրությունը «էականորեն եւ շեշտակիորեն կավելանա»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play